հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
5-12 դասարաններում սովորող արցախցիները եւս կապահովվեն դասագրքերով. Հատկացվեց 97 մլն դրամ

5-12 դասարաններում սովորող արցախցիները եւս կապահովվեն դասագրքերով. Հատկացվեց 97 մլն դրամ

Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշեց 97 մլն դրամ հատկացնել՝ ամբողջությամբ փոխհատուցելու ԼՂ-ից բռնի տեղահանված 5-12-րդ դասարանների սովորողների դասագրքերի ներդրումային գումարները։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամ»-ը դպրոցներից հավաքագրել և նախարարություն է ներկայացրել ԼՂ-ից բռնի տեղահանված 2023-2024 ուսումնական տարում սովորողների դասագրքերի ներդրումային գումարների  վերաբերյալ տեղեկատվություն, ըստ որի հավաքագրվել է 10 360 սովորող, որից 10 319 սովորող ոչ սահմանամերձ համայնքներում։ 10 360 սովորողի համար դասագրքերի ներդրումային գումարի չափը կազմում է՝ 46,603․4 հազար դրամ։ Հաշվի առնելով որ այս գումարները 2023-2024 ուսումնական տարվա համար է, նախարարությունը 2024-2025 ուսումնական տարվա համար ևս հաշվարկել է դասագրքերի ներդրումային գումարի չափ, որը կազմում է՝ 50,431․6 հազար դրամ, հաշվի է առնվել ԼՂ-ից բռնի տեղահանված սովորողների շարժը։ Տարեկան կտրվածքով վերաբաշխվող գումարի չափը կազմում է՝ 97,035.0 հազար դրամ։

 

Հաշվի առնելով, որ 1-4-րդ դասարանների բոլոր սովորողների դասագրքերի գումարները վճարվում են ՀՀ պետական բյուջեով, նշված փոփոխությամբ էլ կփոխհատուցվեն Լեռնային Ղարաբաղից բռնից տեղահանված 5-12-րդ դասարանների  սովորողների դասագրքերի ներդրումային գումարները, արդյունքում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բոլոր սովորողներն ապահովված կլինեն դասագրքերով:

  • Կիսվել: