ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
20 մլն դրամ՝ Օհան Դուրյանի արձանի պատրաստման եւ տեղադրման համար

20 մլն դրամ՝ Օհան Դուրյանի արձանի պատրաստման եւ տեղադրման համար

ՀՀ կառավարության որոշմամբ պետական բյուջեի պահուստային ֆոնդից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը հատկացվել է 20 մլն դրամ՝ Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական արտիստ, դիրիժոր Օհան Դուրյանի արձանի պատրաստման եւ տեղադրման համար: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունից։

«Մաեստրոյի արձանը կպատրաստի քանդակագործ Գետիկ Բաղդասարյանը: Տվյալ դեպքում անշրջանցելի է նաեւ Դուրյանի այրու գրավոր ցանկությունը, ըստ որի` Մաեստրոյի արձանի պատրաստումը վերապահված է քանդակագործ Գետիկ Բաղդասարյանին, ինչն էլ հաստատվել է հոբելյանական հանձնաժողովի կողմից։ 

Երեւանի ավագանու նիստին ներկայացվել է հուշարձանի էսքիզն ու պատկերը տեղանքի հետ համադրությամբ։ Այն իրենից ներկայացնում է երեք վեր խոյացող մուգ ապակե սյուներ. մեջտեղի սյունի վրա կտեղադրվի Օհան Դուրյանի կիսանդրին, իսկ կողքերի սյուների՝ մաեստրոյի ձեռքերը՝ դիրիժորության (չափ տալու) պահին։ Արձանը լինելու է լուսավորված եւ ունենալու է երաժշտական ուղեկցություն (դինամիկները տեղադրվելու են պատվանդանի մասում)։ Կիսանդրին եւ ձեռքերը պատրաստված են լինելու բրոնզից»,– ասվում է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: