10-րդ դասարանի ընդունելությունն առաջին անգամ իրականացվելու է էլեկտրոնային եղանակով
Ավագ դպրոցներում ընդունելությունն այսուհետ իրականացվելու է նոր ձևաչափով։ 10-րդ դասարանի ընդունելությունն առաջին անգամ կատարվելու է էլեկտրոնային եղանակով՝ հայտագրման միջոցով: Գործընթացն իրականացվում է https://my.emis.am/ հարթակի միջոցով։
Հրավիրված ասուլիսում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը նշեց, որ երեխային հայտագրելու համար ծնողը նախ հարթակում պետք է ունենա իր օգտահաշիվը։
«Ծնողներն այսօրվանից սկսած պետք է իրենց հաշիվները բացեն համակարգում։ Շատ կարևոր է, որ նախապես կատարեն այդ գործընթացը, որպեսզի չթողնեն վերջին կամ հայտագրման օրվան։ Հաշիվը ստեղծելով՝ ծնողն անցնում է խիստ նույնականացում։ Եթե փաստաթղթերում խնդիր չկա, ապա համակարգը երեխայի ծնողին ավտոմատ կերպով ճանաչում է»,-ասաց Արտակ Պողոսյանը։
Արտակ Պողոսյանը նշեց, որ այդ օգտահաշիվը ոչ միայն երեխային հայտագրելու համար է, այլև հետագայում ԿԳՄՍՆ-ի կողմից մատուցվող այլ ծառայություններից օգտվելու։ Օրինակ, իր հաշվի ներսում կարող է տեսնել մատյանը, երեխայի ավարտական վկայականը, ծանուցումներ ստանալ ուսուցչից կամ տնօրենից, դիմում ներկայացնել և այլն։
Ինչ վերաբերում է բուն հայտագրմանը, ապա Արտակ Պողոսյանը նշեց, որ այն անցկացվում է մի քանի փուլով։ Հուլիսի 20-ին, ժամը 09:00-ից մինչև օգոստոսի 2-ը, ժամը 00։00–ն ներառյալ հայտագրումը բաց կլինի առաջնահերթություն ունեցող երեխաների համար։ Մասնավորապես, երեխան կամ ծնողն ունեն հաշմանդամություն, ծնողն աշխատում է տվյալ ուսումնական հաստատությունում, տվյալ դպրոցում արդեն սովորող քույր կամ եղբայր ունի։
Օգոստոսի 4-ին, ժամը 09:00-ից 10-րդ դասարանցիների հայտագրման գործընթացը կիրականացվի ընդհանուր հիմունքներով՝ հայերենով ուսուցմամբ դասարանների ընդունելության համար։
Օգոստոսի 11-ին, ժամը 09:00-ից հայտագրում կիրականացվի ծնողների ընտրությամբ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում։
«Այս փոփոխությունը, թվայնացումը տալիս է հնարավորություն ծնողներին հավասար պայմաններով դիմել դպրոց։ Ծնողը բոլորի հետ հավասար դպրոց դիմելու հնարավորություն ունի։ Չկա ազդեցություն ունեցող մարդ, որ կարողանա առաջ անցնել, տնօրենի հետ պայմանավորվել։ Կա հավասարության սկզբունք բոլորի համար»,-ասաց Արտակ Պողոսյանը։
Մասնագիտացված, ԲՈՒՀ-երի ենթակայության տակ գործող ավագ դպրոցներն այս տարի դեռ նոր համակարգով ընդունելություն չեն կատարելու, դա լինելու է իրենց ընթացակարգով։


