երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Զգուշացնում էի՝ ունենք մարդկային ռեսուրսների կարիք․ Հարությունյան

Զգուշացնում էի՝ ունենք մարդկային ռեսուրսների կարիք․ Հարությունյան

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ այսօր ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ուղիղ եթերում հանդես է եկել ուղերձով՝ պատերազմական օրերին տիրող իրավիճակի մասին:

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Առաջին անգամ ես ահազանգել եմ հոկտեմբերի 3-ին, երբ հակառակորդը, գրավելով Մատաղիսը և Թալիշը, վտանգել էր մեր ամբողջ հյուսիսային հատվածը, երբ Եղնիկներ կոչվող տեղամասում զորքի մի մասը խուճապահար փախչում էր, չունեինք ռեսուրսներ մարդկային, որպեսզի կարողանանք առաջնագծում՝ գոնե Եղնիկներում գտնվող մեր տղաների թիկունքը պահել։ Այդ օրը վաղ առավոտյան ես կոչ եմ արել և ասել՝ ես գնում եմ առաջնագիծ։
Ինձ համար այդ օրը պարզ էր, որ զորքի մի մասը խուճապի մեջ էր, ոչ թե Պաշտպանության բանակի, զինված ուժերի, այլ առաջնագծում եղած  զորքի՝ տարբեր կամավորականների և այլն։
 
Այդ օրը, երբ որ հատուկ ստորաբաժանումների հետ պետք է գնայինք ՀՀ-ից եկած մեր Ազգային անվտանգության ամենաուժեղ, էլիտար ստորաբաժանումները և նաև Արցախից հրաժարվել են գնալ Եղնիկներ։ Խնդրել եմ, աղաչել եմ, ասել եմ՝ ձեր առջև ես եմ գնալու, ստացել եմ բացասական պատասխան՝ չեն եկել։ Թողել են երկրի նախագահին մենակ առաջնագիծ գնալու ժամանակ։ Դրա մասին այսօր արտահայտվում եմ, որովհետև ստիպված եմ արտահայտվել՛՛: 
 

Նախագահն ասել է, որ  շատ քիչ զորք միացավ իրեն, ու իրենք կարողացան կատարել այն խնդիրը, և դրա շնորհիվ Եղնիկները գտնվում են ամբողջությամբ մեր վերահսկողության տակ։

՛՛Հոկտմեբերի 3-ին կոչ եմ արել և ասել՝ օրհասական վիճակում ենք՝ մարդկային ռեսուրս է պետք, մյուսն արդեն տեսել եք հոկտեմբերի 18-ին և այլն։ Ամեն անգամ զգուշացնում էի՝ ունենք մարդկային ռեսուրսների կարիք՛՛,-հավելել է Հարությունյանը։

Նախագահը հիշեցրել է, որ մի քանի օր առաջ ռուս վերլուծաբաններից մեկը կարծիք էր հայտնել, որ եթե հայերը ուզում են հաղթել Ղարաբաղյան պատերազմում, պետք է մոբիլիզացնել մինչև 80-100 հազար մարդ:

Հարությունյանն ասել է, որ չի ուզում կոնկրետ թվեր ասել, թե ինչքան կամավորական ու պահեստազոր է միացել, բայց, ըստ նրա, զորքին թողել են մենակ: 

Արայիկ Հարությունյանի խոսքով, այո, շատ կամավորական ջոկատներ կային. ՛՛Մի մասը բարեխղճորեն մինչև վերջին պահը կատարել է իր խնդիրը, մի մասը մի օր էլ չի մնացել: Պահեստազորից համալրված ստորաբաժանումներ եկել են, մի մասը մի քանի ժամ, մի մասը՝ մի քանի օր: Կոնկրետ մի դեպք նշեմ, գնդապետ Գրիգորի Սահակյանի զեկուցագիրը կա, նա պետք է ուղեկցեր Հայաստանից ժամանած երկու գումարտակ: Զեկուցում է, որ հրաժարվում են Շուշիի պաշտպանությունից, պլանավորած ռազմական օպերացիա ունեինք, այդ օպերացիային մասնակցելուց՛՛:

Նա հավելել է, որ պահեստազորից համալրված ստորաբաժանումները ևս եկել են՝ մի մասը մի քանի ժամ, մի մասը՝ մի քանի օր։

Ի դեպ, նշենք, որ ԱՀ խոսնակ Վահրամ Պողոսյանն անդրադարձել է Արայիկ Հարությունյանի խոսքում Գրիգորի Սահակյանի անունը հիշատակելու վերաբերյալ լրագրողների կողմից թյուրընկալմանը: Այս առնչությամբ նա իր ֆեյսբուքյան էջում գրել է.

՛՛Լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ

Հանրապետության նախագահի՝ այսօր ուղիղ եթերով հանդես գալուց հետո որոշ լրատվականներ Գրիգորի Սահակյանի մասին նախագահի խոսքը լուսաբանել են հակառակ՝ բացասական ընկալմամբ: Պատերազմի առաջին օրերից սկսած՝ հայրենիքի հանդեպ նրա մատուցած ռազմական բնույթի ծառայություններն արժանի են միայն բարձր գնահատականի, և պատահական չէ, որ վերջինս նախագահի կողմից հատուկ խրախուսանքի է արժանացել:

Խնդրում եմ շտկել՛՛:

 
 
 

  • Կիսվել: