կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Զախարովան անդրադարձել է Արցախի մասին Լավրովի հայտարարություններին. տեսանյութ

Զախարովան անդրադարձել է Արցախի մասին Լավրովի հայտարարություններին. տեսանյութ

Այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Սերգեյ Լավրովի՝ ԼՂ կարգավորման հարցում առաջացած արգելակման մասին ելույթին:

Պատասխանելով լրագրողի հարցին, թե կողմերի միջև ուղիղ բանակցությունների անհրաժեշտության մասին խոսելիս ի՛նչ նկատի ուներ ՌԴ արտգործնախարարը՝ Հայաստանի և Ադրբեջանի՞, թե՞ Արցախի և ադրբեջանական կողմի միջև ասելով, Զախարովան նշել է՝ «Բանակցություններ երկու պետությունների միջև»:

«Կարծում եմ, որ ուղիղ բանակցությունները երկու պետությունների միջև կհայտարարվեն երկրների ներկայացուցիչների կողմից: Կարող եմ ասել, որ Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հետ համաձայնեցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախատեսում են այցելել տարածաշրջան՝ բանակցություններ վարելու և ԼՂ հակամարտության կարգավորման հարցը քննարկելու համար»:

Նա ասել է, որ ժամկետները դեռևս ճշտվում են, այդ մասին լրացուցիչ կտեղեկացվի:

Նշենք, որ Լավրովը «Վալդայ» քննարկումների ակումբում հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորման քաղաքական գործընթացը արգելակվել է, դեռևս չի հաջողվում շարժվել այդ ուղղությամբ:

ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն անդրադարձել է Լավրովի հայտարարությանը և նշել.  «Հայաստանը եղել և մնում է աջակից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին, որի անաչառ և անկողմնակալ միջնորդությունը գրավականն է խաղաղ կարգավորման ու այս հարցում համանախագահ երկրների միջև միասնության պահպանման: Միևնույն ժամանակ կարևոր ենք համարում, որ միջնորդներից յուրաքանչյուրը խուսափի ընտրովի և միակողմանի բնույթ կրող գնահատականներից: 

Ձեր հարցում նշված մեկնաբանության առնչությամբ վերահաստատում ենք ԱԳՆ օգոստոսի 6-ի հայտարարությունը: Հայկական կողմի դիրքորոշումը հստակորեն արտահայտված է ՀՀ վարչապետի բոլոր ելույթներում, ներառյալ՝ սեպտեմբերի 24-ին ՄԱԿ ամբիոնից հնչեցված խոսքում, որը վերահաստատեց խաղաղության և փոխզիջման հասնելու Հայաստանի առաջարկած բանաձևը: Այդ առումով անընդունելի ենք համարում Ադրբեջանի անկարողությունը հրապարակայնորեն արտահայտվել խաղաղ կարգավորման այնպիսի լուծումների մասին, որոնք ընդունելի կլինեն Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար: 

Ադրբեջանի կողմից բանակցությունների արդյունքները միակողմանիորեն կանխորոշող պնդումներն առ այն, որ հիմնախնդիրը պետք է կարգավորվի «բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում», չեն նպաստում խաղաղ գործընթացի առաջմղման համար համապատասխան մթնոլորտի ձևավորմանը»:  

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: