երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վլադիմիր Պուտինից Ստեփանակերտն ակնկալիքներ ունի․ ԱՀ ԱԳ նախարար

Վլադիմիր Պուտինից Ստեփանակերտն ակնկալիքներ ունի․ ԱՀ ԱԳ նախարար

Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ նամակներ ուղարկվում են ոչ միայն Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, այլ նաև տարբեր միջազգային կազմակերպությունների ղեկավարներին։ Այս մասին հայտնեց ԱՀ արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը՝ Ստեփանեկերտ-Երևան տեսակամուրջ-ասուլիսի ժամանակ։

Նախարարը նշեց, որ Վլադիմիր Պուտինից Ստեփանակերտն ակնկալիքներ ունի։

Նրա խոսքով՝ Ստեփանակերտը սպասում է, որ ռուսական խաղաղապահ զորակազմը 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության շրջանակում կգործադրի բոլոր ջանքերը շրջափակման վերացման համար, հատկապես այն պայմաններում, երբ հունիսի 15-ից հետո անհնար է մթերքներ եւ առաջին անհրաժեշտության առարկաներ տեղափոխել։ Միայն ԿԽՄԿ-ն է տեղափոխում սահմանափակ քանակությամբ դեղեր։ Ինչպես նշել է Ղազարյանը, խաղաղապահները պետք է իրենց լիազորությունների շրջանակում ձեռնարկեն բոլոր քայլերը՝ շրջափակումը դադարեցնելու համար։ Ճշգրտող հարցին, թե արդոյք դա նշանակում է, որ բոլոր քայլերը չէ, որ ձեռնարկվում են, նախարարն ասել է, որ եթե այդ քայլերը ձեռնարկվեին, շրջափակում չէր լինի։ Նրա խոսքով՝ տարբեր պատճառներ են բերվում, թե ինչու դա չի արվում, բայց Ադրբեջանի սադրանքների նպատակներից մեկը խաղաղապահներին վարկաբեկելն է։ Նախարարը հիշեցրել է, որ այլ խաղաղապահների հրավիրելու հեռանկարը իրատեսական չէ կամ, առնվազն, չի կարող արագ իրականացվել, ընդ որում՝ համապատասխան որոշում պետք է ընդունի ՄԱԿ Անվտանգության խորհուրդը։ Ցանկացած պարագայում Ստեփանակերտում սպասում են ստեղծված իրավիճակի փոփոխությունների։

Հարցին, թե ինչու է Վլադիմիր Պուտինը նամակի հասցեատերը, երբ Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ներառյալ Արցախը, ճանաչման մասին հայտարարում է ՀՀ վարչապետը, նախարարը պատասխանել է, որ Արցախում այդ հայտնի հայտարարություններին արձագանքել են։ Ինչպես ընդգծել է Ղազարյանը, Արցախի իշխանություններն առաջնորդվում են ժողովրդի կամքով, որն արտահայտվել է 1991թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեով։ Անկախ այն բանից, թե ինչ մակարդակում է ասվում, մենք առաջնորդվում ենք այդ մանդատով, ամփոփել է ԱԳՆ ղեկավարը։ 

  • Կիսվել: