հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Վարկերից զրկում ենք բոլոր նրանց, ովքեր խուսափել են զինվորական ծառայությունից. Արայիկ Հարությունյան

Վարկերից զրկում ենք բոլոր նրանց, ովքեր խուսափել են զինվորական ծառայությունից. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության ԱԺ-ի այսօրվա նիստում ներկայացվել է պարտադիր քննարկման 6 հարց, այդ թվում ԱՀ նախագահի 2020 և 2021 թվականների գործունեության, միջոցառումների ծրագրի ընթացքի ու արդյունքների մասին հաշվետվությունը:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը խոսել է այն ծանր հետևանքների մասին, որ թողել են կորոնավիրուսի համավարակն ու պատերազմը: 2020 թվականը Արցախի համար ծանր տարի էր՝ կորոնավիրուսը մի կողմից, պատերազմի հետևանքով կրած տնտեսական, տարածքային ու մարդկային կորուստները՝ մյուս կողմից:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շեշտել է՝ պաշտպանությունը Արցախի հիմնական մարտահրավերն է: Հասկանալի էր, որ Ադրբեջանը տարիներ շարունակ զինվում էր՝ պատերազմ սկսելու նպատակով: Տարիներ շարունակ Արցախի առաջնագիծը կահավորվել է: Առաջնագծի կահավորումն ու ամրապնդումը եղել է առաջնահերթ խնդիր, սեպտեմբերի 27-ին ևս նախատեսվել է այցելություն դեպի առաջնագիծ՝ հերթական դիտարկումների:

«Սեպտեմբերի 28-ից սկսած հանրապետության ամբողջ շինարարական պոտենցիալն ուղղվել է դեպի առաջնագիծ: Ավելի քան 150.000 տուֆ է ներկրվել Հայաստանից նույն նպատակով,- ասել է Արցախի նախագահն իր ելույթում:

«Հակառակորդի սպառազինության զարգացմանը զուգահեռ՝ մենք պարտավոր էինք մեր առաջնագիծը, մեր դիրքերը մեր ամրությունները կահավորել հենց հակառակորդի զինտեխնիկայից պատսպարվելու և դիմակայելու համար»,- նկատել է նախագահը:

Պատերազմում թույլ տրված սխալների ու բացթողումների մասին Արայիկ Հարությունյանը խոստացել է խոսել ավելի ուշ: Բոլոր դասալիքների ու զինվորական ծառայությունից խուսափածների ցուցակները այժմ ճշտվում են:

«Մենք այսօր վարկերից զրկում ենք բոլոր նրանց, ովքեր խուսափել են զինվորական ծառայությունից, բազմաթիվ տեխնիկական խնդիրներ կան, զուգահեռ մենք ունենալու ենք այդ ամբողջ ցանկը: Ինձ թվում է՝ դատախազությունն այդ ուղղությամբ անելիքներ ունի»,- ասել է Արայիկ Հարությունյանը:

  • Կիսվել: