հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Թոքերի հետ կապված խնդիր էլ կա․ Վագիֆ Խաչատրյանի դուստրը մանրամասներ է հայտնել

Թոքերի հետ կապված խնդիր էլ կա․ Վագիֆ Խաչատրյանի դուստրը մանրամասներ է հայտնել

Ադրբեջանական գերությունից վերադարձած արցախցի Վագիֆ Խաչատրյանը դուրս է գրվել հիվանդանոցից, բայց դեռ պետք է հավելյալ հետազոտություններ արվեն։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանը։

Հունվարի 22-ին տեղեկացրել էինք, որ Վագիֆ Խաչատրյանին վիրահատել են, վիրահատությունն անցել է հարթ, առանց բարդությունների։ Նա տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք։

«Որոշ ժամանակ հետո պետք է անպայման գնա ստուգման ու, այդպես ժամանակ առ ժամանակ պետք է վերահսկողության ներքո լինի։ Հիմա դեղեր է ընդունում, վիճակը բավարար է։ Ամեն դեպքում, որ մեր կողքին է, մենք լավ ենք համարում։ Այս պահին հիմնականում կենտրոնացած են հենց սրտի հետ կապված խնդրի վրա, բայց ընթացքում պետք է էլի հետազոտություններ անցնի։ Թոքերի հետ կապված խնդիր էլ կա, դա էլ սրտի անբավարարության հետևանքով է։ Ընթացիկ պետք է դա էլ հետազոտվի»,- ասաց Վերան։

Նա ընդգծեց՝ բժիշկներն ամեն ինչ անում են, լավ վերաբերմունք են ցուցաբերում, համապատասխան բուժումն իրականացնում են։

Վերան նաև հայտնեց, որ վիրահատությունը արվել է պետպատվերի շրջանակում։

Հիշեցնենք` անհետաձգելի բուժօգնություն ստանալու համար Արցախից Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները առևանգեցին 2023թ–ի հուլիսի 29–ին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրան մեղադրանք է ներկայացվել, ըստ որի` Վագիֆ Խաչատրյանն իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործությունների։ Բաքվի դատարանը 2023 թվականի նոյեմբերին նրան դատապարտեց 15 տարվա ազատազրկման։

2025 թվականի հունվարի 14–ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 4 գերի, այդ թվում` Վագիֆ Խաչատրյանին:

  • Կիսվել: