չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Տեղահանված արցախցիների համար կմեկնարկի անվճար առցանց դասընթաց

Տեղահանված արցախցիների համար կմեկնարկի անվճար առցանց դասընթաց

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից սեպտեմբերի 13-ին կմեկնարկի «Ձեռնարկատիրական հմտություններ» անվճար առցանց դասընթացը, որը կազմակերպվում է պատերազմի հետևանքով տեղահանված և ՀՀ-ում ժամանակավորապես ապաստանած 18 տարեկանից բարձր անձանց համար:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին տեղեկացրեցին ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբից:

Դասընթացների նպատակն է աջակցել տեղահանված անձանց՝ սկսելու կամ շարունակելու իրենց ձեռնարկատիրական գործունեությունը Հայաստանի Հանրապետության տարածքում։ Դասընթացի մասնակիցները ձեռք կբերեն առաջնային գիտելիքներ թվային տեխնոլոգիաների, շուկայավարման, ֆինանսական կառավարման վերաբերյալ, կտեղեկանան բիզնեսին վերաբերող հարկային և իրավական կարգավորումներին, կծանոթանան Բիզնես մոդելավորման գործիքակազմին, որը կհեշտացնի սեփական բիզնես մոդելներ ստեղծելու գործընթացը։

Դասընթացներն անցկացնելու են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից որակավորված բարձրակարգ դասընթացավարները և կտևեն 1 ամիս՝ երկուշաբթիից ուրբաթ (ժամը՝ 11։00-ից մինչև 13։00-ն): Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար ցանկացողները կարող են գրել [email protected] էլ. հասցեին և գրանցվել հետևյալ հղմամբ։

  • Կիսվել: