չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ստեփանակերտում վերաբացված արտադրամասը մակարոնեղեն է արտահանում ՀՀ և ՌԴ

Ստեփանակերտում վերաբացված արտադրամասը մակարոնեղեն է արտահանում ՀՀ և ՌԴ

Ստեփանակերտում 2020թ. օգոստոսին բացված մակարոնեղենի արտադրամասը շարունակում է իր գործունեությունը նաև պատերազմից հետո:

Ընկերության տնօրեն Նանե Միքայելյանը «Արցախպրես»-ի թղթակցին պատմեց, որ ի սկզբանե մտածում էր իր հայրենիքում կյանքի կոչել մի այնպիսի ծրագիր, որը առողջ սնունդ կառաջարկի բնակչությանը:

«Իմ կարծիքով՝ տեղական արտադրանքը պետք է ստացվի բնական մթերքներից, առանց հավելումների և կհամապատասխանի առողջ սննդի չափանիշներին: Ցավով պիտի նշեմ, որ մեզ պարտադրված պատերազմը ստիպեց ամեն ինչ սկսել նորից։

Բնութագրությունը հասանալի չէ

Վարձակալել եմ նոր տարածք, արտադրամասը հիմա նոր հասցեում է գործում։ Վերջերս էկոնոմիկայի նախարարությունը մեկնարկել է նոր ծրագիր-մրցույթ, որտեղ հաղթող բիզնես ծրագիրը նախարարության կողմից կարժանանա ֆինանսական աջակցության: Մենք ևս մասնակցության հայտ եմ ներկայացրել իմ բիզնես ծրագրով, և եթե հաջողվի դառնալ այդ ծրագրի շահառու, Արցախում կսկսի գործել նոր ու բարձր տեխնոլոգիաներով հագեցած արտադրամաս: Այդ պարագայում հնարավորություն կունենանք իրականացնելու բիզնես ծրագրի նաև հաջորդ փուլերը: Ներկա պահին արտադրում ենք մակարոնեղենի 8 տեսակ։ Շուտով հայոց այբուբենի տառերի տեսքով մակարոնեղեն կառաջարկենք սպառողին», - նշեց Ն. Միքայելյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Նա վստահ է, որ ստացված արտադրանքը նաև Արցախի սահմաններից դուրս կվայելի մեծ պահանջարկ:

«Իմ վստահությունը հիմնավորված է նրանով, որ մեր հայրենակիցներից արդեն դրական արձագանքներ ենք ստանում։ Արտադրանքը սպառվում է ոչ միայն տեղական շուկայում, այլև առաքվում է Հայաստանի Հանրապետություն։ Վերջերս մեծ քանակով տեսականի ենք ուղարկել Մոսկվայում գործող հայկական մի քանի վաճառասրահների: Մենք կարող ենք և պարտավոր ենք հաղթահարել առկա բոլոր մարտահրավերները՝ հանուն մեր հայրենիքի բարգավաճման, հանուն մեր ժողովրդի բարեկեցության և առողջության», - հավելեց Ն. Միքայելյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: