հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ստեփանակերտում տեղի է ունեցել Շուշիի «Վարանդա» երգչախմբի համերգը

Ստեփանակերտում տեղի է ունեցել Շուշիի «Վարանդա» երգչախմբի համերգը

Նախօրեին Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդութան պալատում տեղի է ունեցել Շուշիի «Վարանդա» երգչախմբի՝ «Ղողանջ հիշատակի, երախտիքի ու վերապրումի» խորագիրը կրող համերգը:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառման սկզբում շնորհակալական խոսքով հանդես է եկել երգչախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար ու խմբավար Զաքար Քեշիշյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

«Այս ամառ եկել եմ համերգային երկու ծրագրով: Շուշիի անկումից հետո առաջին անգամ այսօր բեմ բարձրացա՝ կոտրված սրտով, բայց անկոտրում ոգով:Այսօրվա համերգն իմ հոգու ճիչն է: Այն առաջին հերթին նահատակ տղաների հիշատակին է նվիրված. նրանք անմահացան հանուն այս հողի: Իմ երախտիքն եմ հայտնում Արցախի ժողովրդին, որ այսօր կանգուն է և պահում է այս հողը: Մշակույթով Արցախին ու արցախցուն շուրջ երեսուն տարվա իմ ծառայությունը համարժեք է այս պահին սահմանին կանգնած զինվորի ընդամենը մեկ րոպեին»,- նշեց Զ. Քեշիշյանը։

Բնութագրությունը հասանալի չէ

Հիշատակի ակորդը դասական երաժշտությամբ տրվեց․ Առնո Բաբաջանյանի, Խաչատուր Ավետիսյանի, Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործությունները ներկայացրեց ինքը՝ պարոն Զաքարը։ ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանն իր խոսքում խորին շնորհակալություն հայտնեց Զաքար Քեշիշյանին՝ Արցախին անձնվիրաբար ծառայելու համար:

«Մեր ժամանակներում շատ քչերին է հաջողվում հավատարիմ մնալ սիրուն, ընկերությանը, աշխատանքին ու գաղափարին, և պարոն Զաքարը հավատարիմ է մեզ ու մեզ հավատ ընծայողներին,-ասաց նախարարը՝ Զաքար Քեշիշյանին հանձնելով ԱՀ ԿԳՄՍ նախարարության շնորհակալագիրը:

Բնութագրությունը հասանալի չէ

Լ․ Ղարախանյանը համոզմունք հայտնեց, որ հեռու չէ այն օրը, երբ Շուշիում ծնված և Սուրբ Ղազանչեցոցի ղողանջներով սնված «Վարանդա»֊ն իր երգով կրկին կազդարարի հայոց հինավուրց Շուշիի ազատագրման ավետիսը։ Այդ համոզմունքով է բեմ բարձրացել երգչախումբը, որը պատրաստվում է ունկնդրին ներկայացնել հաջորդ ծրագիրը՝ նվիրված ԱՀ հռչակման 30-րդ տարեդարձին։ «Վարանդա» երգչախմբի երգչուհիներից Էլինա Հակոբյանը, ով 12 տարի շարունակ հանդես է եկել երգչախմբում, կարոտով է հիշում Շուշիում ունեցած համերգները:

Բնութագրությունը հասանալի չէ

«Այսօրվա համերգն իր բնույթով, բովանդակությամբ և նշանակությամբ տարբերվում է մեր նախորդ բոլոր համերգներից: 28 տարի անընդմեջ «Վարանդա»-ն հանդես է եկել ինչպես Շուշիում, այնպես էլ՝ Ստեփանակերտում: Շուշին մեր շնորհիվ կա։ Ի հեճուկս թշնամու՝ Շուշին միշտ պետք է երգի, և այսօր դրա առհավատչյան մենք ենք:Մենք պետք է հիշենք մեր հերոս տղաներին, երախտապարտ լինենք նրանց՝ մեր մեջ ապրելու ուժ գտնելով ու առաջ շարժվելով»,- նշել է Է. Հակոբյանը:

Համերգն ավարտվել է Ազատամարտիկների պուրակում՝ 44-օրյա պատերազմում նահատակված հայորդիների հիշատակին կանգնեցված հուշատախտակի մոտ:

Բնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: