Ստեփանակերտում կազմակերպվեց հուշ-ցերեկույթ՝ նվիրված 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին
Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Ստեփանակերտի Ա. Սախարովի անվան թիվ 8 ավագ դպրոցում տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ՝ նվիրված արցախյան երրորդ պատերազմում քաջաբար զոհված հայորդիների հիշատակին։
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ներկաները նախ ծաղիկներ խոնարհեցին դպրոցի՝ 44-օրյա պատերազմում զոհված 16 շրջանավարտների հիշատակին կանգնեցված հուշատախտակին: Հուշ-ցերեկույթի ընթացում աշակերտները հանդես եկան գրական-գեղարվեստական կատարումներով:
Դպրոցի տնօրեն Լյովա Գևորգյանի խոսքով՝ 2020թ. սեպտեմբերի 27-ից հայրենասիրությամբ տոգորված իրենց սաները նետվեցին մարտադաշտ՝ թիկունքում ունենալով համայն հայության անվերապահ ու անմնացորդ աջակցությունը:

Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի պետ Թերեզա Ղարախանյանի համոզմամբ՝ հայ ժողովուրդը այլևս երբեք թույլ չի տա իր հետ վարվել այնպես, ինչպես այն չարաբաստիկ 44 օրերին։

Միջոցառմանը ներկա էին Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, զոհված շրջանավարտների հարազատներ, հյուրեր։

