Ստեփանակերտում կայացել է արցախյան ազատամարտի նահատակ Վիգեն Գրիգորյանի 70-ամյակին նվիրված հուշ-երեկո
Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում նախօրեին տեղի է ունեցել Արցախյան առաջին պատերազմի ակտիվ մասնակից, ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր, Մարտական խաչ 2-րդ աստիճանի ասպետ Վիգեն Գրիգորյանի 70-ամյակին նվիրված հուշ-երեկո:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հուշ-երեկոյի սկզբում ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակը։

«ԿԳՄՍ նախարարությունը որոշել է նշել հերոսի 70-ամյակը, որպեսզի օրակարգ բերենք մեծ մանկավարժի և մեծ տնօրենի կերպարը:
Մենք ցանկացել ենք մանկավարժների հանրույթ բերել նրա մեծատառով մարդ լինելը, նրա հայրենասիրությունը: Ես մեծ սիրով ու սրտի թրթիռով եմ ծանոթացել նրա՝ խիզախումներով լի կենսագրությանը:
Իմ ընկալմամբ՝ նրա բոլոր կոչումները մարտահրավերներ էին, ու նա արժանապատվությամբ է հաղթահարել բոլոր այդ մարտահրավերները՝ մանկավարժ, տնօրեն, քաղաքական գործիչ, ռազմիկ: Նա մնայուն արժեք է, որով, իսկապես, մեր ազգային դիմադրողականության և դիմացկունության մակարդակը կարող է մեծանալ», -ասաց Լ. Ղարախանյանը:
Հայրենիքի նվիրյալ Վիգեն Գրիգորյանի ծննդյան 70-ամյակին նվիրված միջոցառման մշակութային մասը ապահովեցին Տողի արվեստի դպրոցի սաները և «Մենք ենք, մեր սարերը» համույթը: