հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ստեփանակերտում Հադրութի օրվան նվիրված միջոցառում է կազմակերպվել

Ստեփանակերտում Հադրութի օրվան նվիրված միջոցառում է կազմակերպվել

Նախօրեին ԱՀ Հադրութ քաղաքի վերածննդի և Առաջին Պաշտպանական շրջանի կազմավորման օրվան նվիրված Հադրութի Արվեստի դպրոցի նախաձեռնությամբ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի տան բակում կազմակերպել է հուշ-երեկո:

«Արցախպրես»֊ի թղթակցի հաղորդմամբ՝ Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանն իր խոսքում կարևորել է օրվա խորհուրդը. «Այսօր մենք հավաքվել ենք ընդգծելու մեզ համար շատ կարևոր ու մեծ նշանակություն ունեցող մի օրվա մասին: 1992 թ.֊ի այս օրը վճռվեց Հադրութի ճակատագիրը:

Հադրութցին ծնկի չեկավ, այլ, արժանի հակահարված տալով թշնամուն, անառիկ պահեց Արցախի հարավային դարպասը: Այս օրը միշտ էլ նշել ենք մեծ շուքով: Տոնական միջոցառումը մեկնարկում էր Հադրութի քաղաքային հուշահամալիրից, ծաղիկներ էինք խոնարհում զոհված ազատամարտիկների հիշատակին կառուցված հուշարձանին, Հադրութի ազատության հրապարակում տեղի էր ունենում հանդիսավոր միջոցառում, քաղաքի օրն ավարտվում էր տոնական հրավառությամբ:

Մենք պարտավոր ենք այսօր նույնպես նշել քաղաքի օրը, որովհետև մենք չենք կարող չհիշել բոլոր նրանց, ում շնորհիվ 1994 թ. թշնամին ստիպված ստորագրեց զինադադարի պայմանագիրը, չենք կարող չհիշել այն հերոսներին, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին հանուն ազատության: Մենք վստահ ենք, որ մի օր կվերադառնանք Հադրութ, և Առաջին Պաշտպանական շրջանը կշարունակի իր հայրենանվեր աշխատանքը՝ պաշտպանելով Արցախի հարավային թևը»։

Հադրութի շրջվարչակազմի ղեկավար Արթուր Բաղդասարյանի խոսքով՝ արցախցին ապրում է պատմության շատ ծանր շրջափուլ, որ սկիզբ է առել դեռևս 1992 թվականից։

«Փառք այն բոլոր տղաներին, որոնց շնորհիվ կարողացանք պաշտպանել Հադրութի շրջանը: Մենք շատ պատերազմներ ենք տեսել, բայց նորից պետք է պայքարենք, ստեղծենք, արարենք ու հույսով ապրենք, որ մի օր հետ ենք գնալու Հադրութ քաղաք, ծաղկեցնելու ենք, վերականգնելու ենք մեր խաչքարերը, եկեղեցիները: Պետք է լինենք միասնական, հայրենասեր, որ ժամանակը գա, բոլորս մի մարդու պես պետք է պատրաստ լինենք Հադրութ վերադառնալուն»,- նշել է Ա. Բաղդասարյանը:

Միջոցառման վերջում Հադրութի Արվեստի դպրոցի սաները հանդես եկան հայրենասիրական բանաստեղծություններով ու երաժշտական կատարումներով։ Հադրութի շրջանի հոգևոր հովիվ Տեր Մատթեոս քահանան միջոցառումը եզրափակվեց Տերունական աղոթքով:

Հուշ -երեկոյին ներկա էին ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը, ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը, Հադրութի շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ Ա. Մինասյանը, հյուրեր, հադրութցիներ:

  • Կիսվել: