Ստեփանակերտում գրադարանավարի օրվան նվիրված միջոցառում է կազմակերպվել
Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանում տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված Գրադարանավարի օրվան:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել բուհի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը և շնորհավորել գրադարանավարների օրը՝ կարևորելով նրանց կատարած աշխատանքը:

Բուհի պրոռեկտոր Ալիսա Բաղդասարյանի խոսքով՝ անգնահատելի է գրադարանի ու գրադարանավարի դերը կիրթ հանրության ձևավերման գործում։

ՄՄՀ-ի գրադարանավար Կարինե Ղուլյանի խոսքով՝ Արցախում գրքի հանդեպ պաշտամունքն ավանդական է:

«Գիրքը վահան է եղել մեզ համար և գիտության աղբյուր: Գրադարանը մշակույթի հիմքն է, նախորդ և հաջորդ սերունդների կապը: Մեսրոպ Մաշտոց համալսարանի կարևոր խնդիրներից է գրադարանային հավաքածուի համալրումը՝ գիտաուսումնական գործընթացներին համապատասխան: Այդ նպատակով իրականացվել է գրադարանային ֆոնդի նպատակային համալրում՝ ելնելով ուսումնական ծրագրերի և ՄՄՀ-ի գիտական գործընթացի պահանջներից: Ընթերցվելիք գրականության ընտրության հարցում հաշվի են առնվում ընթերցողների պահանջները և մասնագետների կարծիքները»,- մեզ հետ զրույցում նշել է Լ. Առստամյանը:
Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել նաև ՄՄՀ դասախոս Սոկրատ Խանյանը, Կովկասագիտության կենտրոնի ղեկավար Հովիկ Ավանեսովը։