Ստեփանակերտում ամփոփվել է սկսնակ գործարարների համար կազմակերպված դասընթացը
Օգոստոսի 23-27-ը ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունում ADWISE Business and Legal Consulting ընկերության հետ համատեղ սկսնակ գործարարների համար կազմակերպվել է դասընթաց:
Դասընթացավար, ADWISE խորհրդատվական ընկերության տնօրեն Լիլիթ Ղարայանի խոսքով՝ դասընթացի նպատակն էր նպաստել զրոյից բիզնես ստեղծելու ձգտում ունեցող ձեռնարկատիրական գաղափարների իրագործմանը։

«Ի սկզբանե նպատակ ունեինք էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության կողմից կազմակերպվող գրանտային ծրագրի շրջանակներում մասնակիցներին վերապատրաստել, որպեսզի նրանց ծրագրերի իրականացումը լինի ավելի արդյունավետ: Բայց այնպես ստացվեց, որ մասնակիցները շատ տարբեր են՝ ունեն պլաններ բիզնես սկսելու կամ արդեն ունեն բիզնես և ուզում են զարգացնել այն: Արցախում գործարարները, ինչպես ես հասկացա, ունեն ոչ միայն ներդրողների, ֆինանսական միջոցների կարիք, այլ նաև գիտելիքների, հմտությունների ու տեխնոլոգիաների: Կարծում եմ՝ անհրաժեշտ է ընդլայնել Հայաստան-Արցախ համագործակցությունը, երբ Հայաստանից պրակտիկ ձեռներեցները, խորհրդատուները, պարբերաբար այցելելով, խորհուրդներով կիսվելով և փորձի փոխանակմամբ նպաստեն Արցախում բիզնես միջավայրի ինտեգրմանը», -«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լ. Ղարայանը:
Դասընթացի մասնակից Քրիստինե Ջալալյանը ցանկալի է համարում, որպեսզի հատկապես հետպատերազմյան շրջանում Արցախում նմանատիպ դասընթացները շարունակական լինեն:

«Այս դասընթացների ընթացքում ավելի խորացան գործարարության ոլորտում ունեցած գիտելիքներս: Ակնկալիքներս իրականացան, քանի որ անհատական մոտեցում է ցուցաբերվել յուրաքանչյուրիս հանդեպ: Կարծում եմ՝ այս դասընթացներից հետո մասնակիցների մեծ մասը համարձակություն կունենա և ձեռք բերված նոր գիտելիքների միջոցով կկարողանա սկսել իր նոր բիզնեսը»,֊ նշեց Ք. Ջալալյանը: