հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ստեփանակերտի թիվ 2 դպրոցում կայացել է զոհված շրջանավարտների հուշատախտակի բացումը

Ստեփանակերտի թիվ 2 դպրոցում կայացել է զոհված շրջանավարտների հուշատախտակի բացումը

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, Ստեփանակերտի Ա. Ղուլյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցում կայացավ 44-օրյա պատերազմում զոհված դպրոցի 20 շրջանավարտների հուշատախտակի բացումը:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը դպրոցի ուսուցչական հանրույթի և տնօրինության անունից շնորհակալության և երախտիքի հուշաթերթեր բաժանվեցին զոհված շրջանավարտների հարազատներին:

Դպրոցի տնօրեն Լաուրա Մարտիրոսյանը զոհվածների հարազատներին վստահեցրեց, որ ամեն լուսե առավոտ դպրոցի աշակերտները խոնարհվելու են նահատակ տղաների հիշատակի առաջ և այնուհետև միայն բարձրանան դասասենյակներ՝ իրենց օրը սկսելու:

«Մեր հերոս տղաները հանուն մեր չքնաղ Արցախի չխնայեցին իրենց՝ ուրախությամբ, երազանքներով լեցուն կյանքը՝ հանուն ապրողներիս կյանքի, հանուն Հայոց աշխարհի հավերժության: Սակայն պետք է առաջ նայենք, ցավը պետք է դարձնենք պայքար՝ հանուն մեր լուսավոր, հպարտ տղաների. տղաներ, ովքեր 10 տարի շարունակ այս դպրոց են եկել ժպտալով, աշխույժ, կենսախինդ: Մեր ապագան կերտած բոլոր տղաների անունները պարտավոր ենք հիշել և հանուն նրանց պայքարել ու արարել:Ոսկե մատյանի ոսկե էջ կերտած տղաները իրենց կյանքը նվիրեցին, որ այս դպրոցում հազարից ավելի երեխաներ վազվզեն, և մենք, նրանց հարազատների հետ ուս֊ ուսի տված, լայն բացելու ենք դպրոցի դռներն այն բալիկների համար, որոնց ձեռքից նրանք չհասցրին բռնել ու մտնել դպրոց», - ասաց Լ. Մարտիրոսյանը:

Հուշատախտակի բացումից հետո դպրոցի դահլիճում կազմակերպվեց հուշ-ցերեկույթ, որի ընթացում դպրոցի աշակերտները հանդես եկան գրական-գեղարվեստական մոնտաժով: Միջոցառմանը ներկա էին նաև Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, զինվորականներ:

  • Կիսվել: