ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ստեփանակերտցի հայտնի տիկին Դոնարան Երեւան է բերել ժենգյալով հացի իր հայտնի բիզնեսը

Ստեփանակերտցի հայտնի տիկին Դոնարան Երեւան է բերել ժենգյալով հացի իր հայտնի բիզնեսը

Արցախցից բռնի տեղահանված տիկին Դոնարան արցախցի իր գործընկերների՝ Արմինեի, Զվարթի, Ռաթխայի հետ Երեւանի Նոր Նորքի 2-րդ զանգվածի Թոթովենցի 2/4 հասցեում ժենգյալով հաց է պատրաստում։ NEWS.am-ին տիկին Դոնարան պատմել է, որ Ստեփանակերտի շուկայում էլ նույն թիմով էին աշխատում։ Տիկին Դոնարայի ժենգլյալով հացն ամենահայտնին էր՝ ոչ միայն Արցախում, այլեւ Երեւանում։

Նա արդեն ավելի քան 30 տարի ժենգյալով հաց է պատրաստում, բաղադրատոմսով, որը դեռ 12 տարեկանում էր սովորել արցախցի հորաքրոջից։ Արցախից բռնի տեղահանվելիս Տիկին Դոնարան իր սննդի կետից միայն վառարանն է կարողացել Հայաստան բերել։

Ասում է՝ այժմ Հայաստանում ժենգյալով հացի պատրաստման համար նախատեսված 17 կանաչատեսակներից միայն տասը կա։

30 տարի՝ անգամ պատերազմների ժամանակ տիկին Դոնարայի գործն Արցախում կանգ չի առել։ 44-օրյայի օրերին անվճար ժենգլայով հաց էր բաժանում առաջին գիծ մեկնողներին․ «Կռվի ժամանակից 5 տարի փեչի վրա թխել ենք, հոսանք ու գազ չի եղել, հետո, երբ հոսանք եկավ, արդեն սկսեցինք հոսանքով թխել։ Ինձ շատ լավ կլիենտներ ունեմ Երեւանից, Ղարաբաղից, որ եկել եմ այստեղ, 5 րոպեն մեկ զանգում ու ասում են՝ լավ է, որ այստեղ եկաք»։

Տիկին Դոնարան հիշում է Արցախը բլոկադայի շրջանում, երբ սնունդ չկար, սեւ ալյուրով է ժենգյալով հաց թխել․ «Բլոկադայի ժամանակ ոչ մի բան չի եղել, վերջին 2 ամիսը ոչինչ չի եղել, թխել ենք սեւ ալյուրով, ասում էին՝ մեր ժինգյալով հացի որակը վատացել է, սիրուն չի եղել, ամբողջ խմորի վրա ալյուրի թեփն է եղել»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։

  • Կիսվել: