Շուշիի շրջանի համայնքներում նոր սոցիալական ծրագիր է իրականացվում
Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի հայերի միությունը՝ ի դեմս նախագահ Կամո Հայրապետյանի և Սոչիի հայկական համայնքի փոխնախագահ Մարկոս Քեսյանի, սոչիաբնակ Գրիգորյան ընտանիքի կողմից Շուշիի շրջանի չորս՝ Հին Շեն, Մեծ Շեն, Եղցահող և Լիսագոր համայնքների բոլոր բնակիչներին տրամադրել է երկուական խոզի գոճի՝ սեփական եկամուտ վաստակելու և զբաղվածություն ապահովելու նպատակով:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրել է ԱՀ նախագահի՝ սփյուռքի հարցերով խորհրդական Ազատուհի Սիմոնյանը և հավելել, որ նախատեսվում է նշված գյուղերի բոլոր ընտանիքներին տրամադրել 230 խոզ:
«Երբ հունիս ամսին Ղրիմում ես և ԱՀ ԿԳՄՍ նախարարը հանդիպում ունեցանք հայ և ռուս համայնքներ ղեկավարների հետ, իմ կողմից նրանց ներկայացվեցին զարգացման ծրագրեր համայնքներում, և առաջարկեցի թիրախավորել Շուշիի չորս գյուղերը: Հենց այդ հանդիպման արդյունքում է, որ այսօր այդ գյուղերի բոլոր բնակիչներն, առանց բացառության, հովանավորության արդյունքում կստանան խոզի գոճիներ: Սփյուռքի հայկական համայնքները գործուն և հասցեավորված նման ծրագրերով նոր շունչ ու կյանք են հաղորդում Արցախում իրենց կյանքը շարունակող արցախահայությանը»,- նշել է Ա. Սիմոնյանը։ Նա ընդգծել է, որ նշված գյուղերում այլ հովանավորների միջոցով նմանատիպ ծրագրերը շարունակական բնույթ են կրելու:
