հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Շուշիի երաժշտական դպրոցը նոր հասցե ունի

Շուշիի երաժշտական դպրոցը նոր հասցե ունի

Նոր ուսումնական տարվանից քաղաքամայր Ստեփանակերտի Տիգրան Մեծ 26 հասցեում իր դռներն է վերաբացելու Շուշիի Դանիել Ղազարյանի անվան երաժշտական մասնագիտացված հանրակրթական դպրոցը։

Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրեցին ԱՀ ԿԳՄՍ նախարարությունից՝ մանրամասնելով, որ կրթօջախն ունի բազմամյա փորձ և արձանագրած լուրջ արդյունքներ: 
 
Դպրոցի սաները տարիներ շարունակ  մասնակցել են միջազգային երաժշտական տարբեր փառատոնների, գրանցել հաջողություններ՝ արժանանալով դափնիների, նվաճելով ոսկե, արծաթե, բրոնզե մեդալներ, իսկ դպրոցականների առարկայական օլիմպիադաներում զբաղեցրել առաջնային տեղեր՝ արժանանալով դիպլոմների, պատվոգրերի, գովասանագրերի։ 
 
Դպրոցը հավատարիմ է իր սկզբունքներին և պատրաստ է այս բախտորոշ շրջանում ստանձնել կրթամշակութային գործունեություն ծավալելու առաքելություն։
 
Դպրոցում աշակերտների հայտագրման գործընթացը սկսված է։ Հարցերի դեպքում քաղաքացիները կարող են զանգահարել 097282690,  097304017 հեռախոսահամարներով։

  • Կիսվել: