շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Շուշիի անկումն ուզում էին գցել Սեյրան Օհանյանի ջեբը. Սերժ Սարգսյան

Շուշիի անկումն ուզում էին գցել Սեյրան Օհանյանի ջեբը. Սերժ Սարգսյան

Պատերազմի ավարտական փուլում փորձառու գեներալներին հանձնվեց պաշտպանական գործողությունների կազմակերպումն այլ բանի համար: Դա արվեց, որպեսզի նրանց վերագրվի պարտությունը: Այս մասին Արմնյուզին տված հարցազրույցի ժամանակ ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Նոյեմբերի սկզբին ՔՊ-ական մամուլը սկսեց գրել, թե ինչպիսի հերոսական ջանքեր է գործադրում Սեյրան Օհանյանը Շուշին պաշտպանելու համար: Ես զարմացած էի: Չանցած 2-3 օր՝ սկսեցին նրան մեղադրել, որ չկարողացավ Շուշին պահել:

Շուշիի անկումն ուզում էին գցել Սեյրանի ջեբը: Բայց Սեյրան Օհանյանն ընդամենը խորհրդատուի դերում էր:

Կամ Լևոն Մնացականյանին ինչ ստորաբաժանումներ էին տվել: Եթե նա ուժ չունի կռվելու, ինչ էր անելու: Հո դասակի հրամանատար, կամ վաշտի հրամանատար չէ: Հետո հեքիաթներ են պատմում Շուշիի մասին...՛՛:

Սարգսյանը նաև հավելեց. ՛՛Ես, ունենալով այդքան կապեր, ծանոթ լինելով հարյուրավոր սպաների, տասնյակ գեներալների հետ, մինչև այսօր չեմ կարողանում պարզել, թե ով է եղել Շուշիի պաշտպանության, Հադրութի պաշտպանության հրամանատարը, ով է ղեկավարել այդ ճակատը: Ենթադրենք՝ այն ժամանակ գաղտնիք էր, հիմա ինչո՞ւ չգիտենք՛՛:

Սարգսյանը վստահ է, որ Շուշին հանձնվել է. ՛՛Իհարկե, Շուշին հանձնվել է, որովհետև արդեն հայտնի էր, թե պատերազմը երբ է ավարտվելու: Դեռևս հոկտեմբերի 20-ի կողմերը, երբ ծանոթները, գործընկերները հարցնում էին իմ կարծիքը, ես ասում էի՝ երբ ադրբեջանցիները գրավեն Շուշին:

Վստահ եմ, վաղ թե ուշ, ում հետ ես զրուցել եմ, մարդիկ հաստատելու են այդ փաստը: Ինձ համար պարզ էր՝ ելնելով ադրբեջանական բանակի գործողություններից, Ալիևի հայտարարություններից, նրանից, թե ուր են շարժվում ադրբեջանցիներն ու ով է իրենց դիմադրում՛՛,-ասաց նա:

Սարգսյանը հավելեց նաև, որ նոյեմբերի 5-ի գիշերը Շուշին ադրբեջանցիների վերահսկողության տակ է եղել։

՛՛Դրանից հետո, երբ գրում էին, որ համառ մարտեր է ընթանում, դա նշանակում էր, որ մերոնք փորձում են ետ վերցնել:

Դա էլ է ինձ համար տարօրինակ, քանի որ ետ վերցնելը 10 անգամ ավելի դժվար է, քան՝ պաշտպանելը:

Ինչո՞ւ չպաշտպանեցինք, ինչո՞ւ այդքան զոհեր տվեցին:

Այդ փորձերի, համառ մարտերի ժամանակ հարյուրավոր զոհեր ենք ունեցել, շատ դեպքերում՝ անհասկանալի՛՛,-ասաց նա:

  • Կիսվել: