կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Սարուշենում սկսվել է թթի բերքահավաքը. արդյունքները գոհացուցիչ են

Սարուշենում սկսվել է թթի բերքահավաքը. արդյունքները գոհացուցիչ են

Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի  Սարուշեն համայնքի բնակիչներն այս օրերին զբաղված են  թթի բերքահավաքով։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Սարուշենի համայնքապետ Կարեն Գասպարյանը։

«Մեր գյուղն Արցախում հայտնի է  բարձրորակ թթի օղու արտադրությամբ։ Ստացված բերքից օղի և դոշաբ կպատրաստենք»,-նշել է նա։

Համայնքապետն իրազեկել է, որ այս տարի մեծ ծավալով  եգիպտացորենի և կարտոֆիլի ցանքս են կատարել։ 
«Ավելի քան երեք տասնյակ  ընտանիքներ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի  կողմից ջերմատներ են ստացել, ինչը նպաստել է համայնքում ջերմոցային տնտեսության զարգացմանը։ Ջերմոցներն օգտագործվել են գարնանացան մշակաբույսերի աճեցման նպատակով։ Վարունգի քաղը վաղուց սկսված է, լոլիկինն էլ մոտ տասը օրից կսկսվի»,-ասել է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ գյուղում զբաղվում են նաև անասնապահությամբ. գերակշռում են մանր եղջրավոր կենդանիները։

Անդրադառնալով շրջափակման հետևանքով համայնքում ստեղծված խնդիրներին՝ Կ. Գասպարյանը նշել է, որ, Հանրապետությունում շինարարական աշխատանքների  դադարեցմամբ պայմանավորված, բնակիչների մի մասը  մնացել է  առանց աշխատանքի։

Նա  փաստեց, որ հետպատերազմական շրջանում գյուղում  երեխաներ են  ծնվում, ինչը վաղվա օրվա հանդեպ հույս է ներշնչում։

  • Կիսվել: