ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Սա լուրջ խնդիր է, որը լրատվամիջոցները չեն լուսաբանում․ Քիմ Քարդաշյանի ուղերձին արձագանքել է նաև դերասան Մարկ Ռուֆալոն

Սա լուրջ խնդիր է, որը լրատվամիջոցները չեն լուսաբանում․ Քիմ Քարդաշյանի ուղերձին արձագանքել է նաև դերասան Մարկ Ռուֆալոն

Քիմ Քարդաշյանի ՝ Ջո Բայդենին ուղղված ուղերձը լայն արձագանք է գտել ոչ միայն քաղաքական գործիչների, այլև դերասանների շրջանում։

«Սա լուրջ խնդիր է, որը լրատվամիջոցները չեն լուսաբանում», - գրել Է ամերիկացի հայտնի դերասան, «Էմմի» մրցանակի կրկնակի դափնեկիր, «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիր Մարկ Ռուֆալոն՝ կիսվելով Քիմի հրապարակմամբ:

 

Հիշեցնենք, որ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում Արցախին սատարող գրառում էր կատարել` կից հրապարակելով հումանիտար իրավիճակի վերաբերյալ լուսանկարներ։

«Իմ խնդրանքն է նախագահ Ջո Բայդենին՝ կանգնեցնել հայերի ևս մեկ Ցեղասպանություն։ ԱՄՆ-ի ու աշխարհի ժամն է՝ քայլեր ձեռնարկելու հայերին պաշտպանելու Ադրբեջանից»,- նշել էր Քարդաշյանը։

Բացի այդ, նա իր ինստագրամյան էջում տեղադրել է Rolling Stone-ում հրապարակված հոդվածի (My Plea to Joe Biden to Stop Another Armenian Genocide) հղումը։

Հոդվածը հեղինակել են Քարդաշյանը և ամերիկահայ պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանը։

«Մենք հայ ենք։ Մենք Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներն ենք և չենք ցանկանում ապագայում խոսել ևս մեկ ցեղասպանության ճանաչման կամ ոգեկոչման մասին»,- նշվում է հոդվածում:

Նրանք գրել են, որ անցյալ տարվա դեկտեմբերից Ադրբեջանը շրջափակել է Արցախի բնիկ քրիստոնյա հայերի և մնացած աշխարհի միջև միակ փրկօղակը։

  • Կիսվել: