շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Սա իրականությունից կտրված տեսլական է. Արցախի ԱԳ նախարարը՝ Լավրովի փաստաթղթի մասին

Սա իրականությունից կտրված տեսլական է. Արցախի ԱԳ նախարարը՝ Լավրովի փաստաթղթի մասին

ԱՀ ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է Ռուսաստանի ԱԳՆ-ի՝ Արցախի վերաբերյալ տարածած փաստաթղթին։

«Այդ հարցի վերաբերյալ կնշեմ, որ պաշտոնական խողովակներով Արցախի ԱԳՆ-ն նման փաստաթուղթ չի ստացել։ Հուլիսի 27-ի Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարության մեջ անդրադարձ կատարվել է նման տեսլականի, որը նախատեսում է ազգային փոքրամասնության կարգավիճակով Ադրբեջանի օրենսդրության շրջանակներում մեր իրավունքների ապահովումը։

Մենք շատ հստակ նշել ենք, որ սա իրականությունից կտրված տեսլական է: Սա ոչ միայն մեր կարծիքն է, սրա մասին փաստում են այն իրողությունները, որոնք մենք ունենք գետնի վրա: Եթե միջնորդներից որևէ մեկը նման հույսեր ուներ, ապա, տեսնելով Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականության հետևանքները՝ այն պարագայում, երբ 120 000 մարդ միտումնավոր մատնված է սովի, ամենօրյա կտրվածքով ադրբեջանական կողմից հնչում են ռազմատենչ հայտարարություններ, սպառնալիքներ՝ այդ թվում և ուժի կիրառման մասին, տեսնելով` ինչպես է ոչնչացվում հայկական պատմամշակութային ժառանգությունը, որևէ միջնորդ որևէ հիմք չունի պնդելու, որ նման տեսլականների առաջարկները հնարավոր կլինի կյանքի կոչել»,- ասել է նա։

Հարցին, թե ինչպե՞ս են տեսնում Ստեփանակերտի և Բաքվի միջև բանակցություններըմ նա նշել է. «Արցախյան կողմն ամենաշահագրգիռն է, որպեսզի խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով մենք կարողանանք հասնել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորմանը։

Այստեղ ուղղակի մի քանի կարևոր հանգամանք պետք է նշենք. առաջինը, նման բանակցությունները պետք է ընթանան միջազգային ձևաչափի շրջանակներում, ինչը թույլ կտա ներգրավված կողմերին տեսնելու, որ բանակցություններն ընթանում են միջազգային իրավունքի նորմերին ու պահանջներին համապատասխան։

Երկրորդը, պետք է ամրագրվեն հստակ երաշխիքներ, որ կողմերը ստանձնած պարտավորությունները կատարելու են` հաշվի առնելով, որ մենք ունենք նոյեմբերի 9-ի փաստաթուղթ, որտեղ կա նաև Ադրբեջանի նախագահի ստորագրությունը, և որը չի գործում:

Ինչ վերաբերում է այն առաջարկներին, որ ստացել ենք երրորդ երկրի տարածքում հանդիպելու, այո՛, օգոստոսի սկզբին նախատեսվում էր նման հանդիպում, արցախյան կողմն ընդունել է առաջարկը, ադրբեջանական կողմը չեղարկել է մասնակցությունը, և մենք ստացել ենք Եվլախում հանդիպելու մասին առաջարկ։ Բայց, ինչպես տեղյակ եք, մեր հայրենակիցը՝ Վագիֆ Խաչատրյանը, ԿԽՄԿ-ի միջոցով Հայասատան տեղափոխվելու ընթացքում առևանգվել է ադրբեջանական ուժերի կողմից: Այդ տրամաբանությամբ ինչ-որ հանդիպումներ, հատկապես առանց միջազգային միջնորդների, առանց երրորդ կողմի ներկայության, Ադրբեջանի տարածքում, անհնար է։ Ավելացնեմ նաև, որ արցախյան կողմը ռուսական խաղաղապահների միջոցով պարբերաբար փոխանցում է հանդիպումների մասին առաջարկներ, որոնք անտեսվում են ադրբեջանական կողմից։ Տեղյակ եք, որ վերջին այդպիսի հանդիպումը տեղի է ունեցել մարտի 1-ին, որի ընթացքում քննարկվել են տեխնիկական և հումանիտար բնույթի հարցեր, բայց ադրբեջանական կողմը փորձել է խեղաթյուրել այդ հանդիպման բովանդակային մասը, և մարտի 5-ին մենք տեսել են ադրբեջանական կողմի դիվերսիոն գործողությունը, որի հետևանքով երեք ոստիկան զոհվել է և մեկը վիրավորվել»։

  • Կիսվել: