երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ռուս խաղաղապահները տարհանել են շուրջ 5 հազար արցախցիների

Ռուս խաղաղապահները տարհանել են շուրջ 5 հազար արցախցիների

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի երեք շրջաններից տարհանել են 5 հազար մարդու. ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ ռուս խաղաղապահները շարունակում են առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղում։

Շարունակական փոխգործակցություն է պահպանվում Բաքվի, Երևանի և Ստեփանակերտի հետ՝ ուղղված արյունահեղության կանխմանը, խաղաղ բնակչության նկատմամբ անվտանգության և մարդասիրական իրավունքի պահպանմանը, ինչպես նաև ռուսական խաղաղապահ կոնտինգենտի անվտանգության ապահովմանը։

Ակտիվ ռազմական գործողությունների սկզբից ռուս խաղաղապահները տարհանել են խաղաղ բնակիչներին Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի շրջաններից։ Խաղաղապահ կոնտինգենտին հանձնվել է մոտ 5 հազար մարդ:

Բոլոր տարհանվածներին տրամադրվում են հանգստի վայրեր և տաք սնունդ։ Ռուսաստանի Դաշնության ռազմական բժիշկները նրանց ցուցաբերում են որակյալ բժշկական օգնություն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի վրա։ Ադրբեջանական հարձակման հետեւանքով զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ 400 մարդ։ Բաքվում Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը ոչնչացնելու գործողություններն անվանել են «տեղական բնույթի հակաահաբեկչական միջոցառում»։

Հիշեցնենք, որ ճակատում տիրող ծանր իրավիճակից ելնելով երեկ՝ սեպտեմբերի 20-ին Արցախի իշխանություններն ընդունել են ռուս խաղաղապահների առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ։ Ըստ այդմ, պայմանավորվածություն է ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ին՝ ժամը 13:00-ից ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին։ 

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղակայման գոտուց ՀՀ զինված ուժերի մնացած ստորաբաժանումների և զինծառայողների դուրսբերման, ԼՂ ՊԲ-ի զինված կազմավորումների լուծարման ու ամբողջական զինաթափման, ԼՂ տարածքից ծանր տեխնիկայի և սպառազինության դուրսբերման շուրջ՝ դրանք արագ ուտիլիզացնելու նպատակով։

Ադրբեջանական կողմի բարձրացրած հարցերը վերաինտեգրման, Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության ապահովման, ինչպես նաև Ադրբեջանի Սահմանադրության շրջանակում Լեռնային Ղարաբաղի բնակչության կենսապահովման  վերաբերյալ կքննարկվեն տեղի հայ բնակչության և Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչների միջեւ հանդիպմանը, որը տեղի կունենա Եվլախ քաղաքում սեպտեմբերի 21-ին և հետագա հանդիպումների ժամանակ:

  • Կիսվել: