Ռուբեն Վարդանյանը մանրամասներ է ներկայացրել Արցախ գալու նպատակների վերաբերյալ
Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Ստեփանակերտի «Պարկ հոթել» հյուրանոցի խորհրդակցությունների դահլիճում տեղի է ունեցել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանի մամուլի ասուլիսը:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ նա ՌուսաստանիԴաշնության քաղաքացիությունից մտադիր էր հրաժարվել ավելի ուշ, բայց Բերձորի դեպքերից հետո առաջնահերթություն համարեց գալ Արցախ և իր ներդրումն ունենալ ստեղծված խնդիրների լուծման գործում:
«Ես հրաժարվել եմ Ռուսաստանի քաղաքացիությունից այստեղ գալու և Արցախի անվտանգության և զարգացման ճակատ ստեղծելու համար: Մենք գտնվում ենք ճգնաժամային իրավիճակում: Մեզ՝ հայերիս համար հասել է գոյաբանական Սարդարապատի պահը, և, եթե մենք ուս-ուսի չտանք, կկորցնենք այն, ինչը մեր հենարանն է: Ես ծննդով Արցախից չեմ: Առաջին անգամ Արցախ եմ եկել 2002 թվականին , բայց սիրում եմ Արցախը և լավ եմ գիտակցում, որ Արցախը մեր հենարանն է: Այստեղ ես զինվոր եմ և պատրաստ եմ իմ ունակությունները, գիտելիքները և հնարավորությունները նվիրել Արցախին, նրա անկախության պահպանմանն ու զարգացմանը»,- ասել է Ռուբեն Վարդանյանը՝ խնդիրների հաղթահարման գործընթացում կարևորելով հավատը, որն ըստ նրա՝ ամրապնդվում է համապատասխան գործողություններով: