հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
«Պիտի ապրենք».Ստեփանակերտում Արցախի անկախության հռչակման 30֊ամյակին նվիրված միջոցառում է կազմակերպվել

«Պիտի ապրենք».Ստեփանակերտում Արցախի անկախության հռչակման 30֊ամյակին նվիրված միջոցառում է կազմակերպվել

Նախօրեին Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատում կայացել է «Պիտի ապրենք» խորագիրը կրող միջոցառում՝ նվիրված Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակին։

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառումը կազմակերպել էր Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը։ «Միջոցառման գաղափարը ծնվել էր պատերազմից անմիջապես հետո։

Մոտ 4-5 ամիս աշխատել ենք այս միջոցառման կայացման համար։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված պատերազմի օրերին Աիդա Գյանջումյանի «Պիտի ապրենք» չափածո խոսքի հիման վրա կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանը ստեղծեց համանուն երգը։ Հայաստանի Հանրապետություն տեղափոխված երեխաներն այդ երգով հայտարարեցին, որ Արցախից դուրս գտնվելը ժամանակավոր է, և իրենք պետք է վերադառնան հայրենիք՝ ապրելու և ստեղծագործելու իրենց Արցախում։

Վերադառնալուն պես՝ երեխաներն արագ անցան սովորական առօրյայի։ Կարճ ժամանակում ծնվեցին նոր երգեր ու բանաստեղծություններ, նոր նկարներ ու պարեր։ Բեմադրվեց կենտրոնի պարուսույց Կարեն Դանիելյանի «Վալս»-ը, որի փորձերը սկսել էին պատերազմից առաջ։ Պարի խմբի առաջնաելույթը վերադարձի և ապրելու կոչ էր անհայտ կորածներին, որոնցից մեկն է հենց ինքը՝ պարուսույց Կարեն Դանիելյանը։ Այս համերգն ավելի շատ կոչ էր մեր ժողովրդին, որ պետք է ապրենք այս հողում, արարենք ու շարունակենք այն զարգացնել։

Եվ պետք է ապացուցենք ամբողջ աշխարհին, որ Արցախը եղել է, կա ու կլինի հայինը»,- նշեց ԱՀ արվեստի վաստակավոր գործիչ, Ստեփանակերտի ՄՊՍԿ-ի պարի խմբի ղեկավար Գարի Ավանեսյանը։ Միջոցառմանը ներկա էին պաշտոնատար անձինք, արվեստի ներկայացուցիչներ, հյուրեր։

  • Կիսվել: