չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Պատերազմը չի կոտրել հայրենասիրության ոգին. Եմիշճանի համայնքի ղեկավար

Պատերազմը չի կոտրել հայրենասիրության ոգին. Եմիշճանի համայնքի ղեկավար

Մարտունու շրջանի Եմիշճան համայնքի բնակիչները շարունակում են ապրել ու արարել սեփական հողի վրա:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Եմիշճան համայնքի ղեկավար Արմիկ Առաքելյանը: Նրա խոսքով՝ պատերազմական գործողությունների պատճառով գյուղը, բարեբախտաբար, վնասներ չի կրել: Վերջերս վերանորոգվել է մեկ տուն, որը տրամադրվել է տեղահանված ընտանիքի: Եվս երեք տուն կվերանորոգվի այդ նպատակով:
 
«2021թվականի հունվարի 1-ից վերաբացվել է գյուղի դպրոցը, որտեղ սովորում է 17 աշակերտ: Գյուղը չունի մանկապարտեզ: Ունենք գործող բուժկետ, որի շենքը վերանորոգման կարիք ունի: Ունենք նաև գործող ակումբ: Համայնքապետարանի շենքը գտնվում է վթարային վիճակում. կապիտալ վերանորոգման կարիք ունի: Գյուղը գազաֆիկացված է, ապահովված էլեկտրաէներգիայով: Ունենք ջրի լուրջ խնդիր. ջուր ստանում ենք չորս օրը մեկ՝ մեկ ժամով: Գյուղամիջյան ճանապարհները գտնվում են անմխիթար վիճակում»,- տեղեկացրել է համայնքի ղեկավարը:
 
Խոսելով գյուղացիների զբաղվածության մասին՝ Ա. Առաքելյանն ասաց, որ հիմնական ուղղություններն են անասնապահությունը, գյուղատնտեսությունը, հողագործությունը:
 
Համայնքի ղեկավարը հատկանշել է, որ պատերազմը գյուղի բնակչության մեջ չի կոտրել հայրենասիրության ոգին, և բոլորը վերադարձել են հայրենի բնօրրան։
 

  • Կիսվել: