«Պատերազմից տուժած երիտասարդների տնտեսական կայունացում» ծրագիրն ընթացքի մեջ է
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ֆինանսական աջակցությամբ «Ավրորան Արցախին» ծրագրի շրջանակներում «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը սկսել է իրականացնել «Պատերազմից տուժած երիտասարդների տնտեսական կայունացում» ծրագիրը։
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության Արցախի ծրագրերի ղեկավար Նարինե Աղաբալյանը և ընդգծել, որ այս ծրագիրը լիովին համահունչ է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության սկզբունքներին և առաջնահերթություններին:
«Ծրագիրը մեկնարկել է Դիլիջանում և կտևի շուրջ մեկ տարի, որի շրջանակներում կազմակերպվող դասընթացների շնորհիվ պատերազմի արդյունքում տուժած 100 երիտասարդ ձեռք կբերի նոր գիտելիքներ և հմտություններ: Իսկ նախագծի ավարտին լավագույնները կստանան նախնական կապիտալ իրենց փոքր բիզնես ծրագիրը սկսելու համար: Ծրագրի շահառուներն են Արցախյան պատերազմի մասնակիցները, պատերազմի ժամանակ վիրավորում ստացած զինվորները, զոհվածների ընտանիքների անդամները և Արցախից տեղահանված երիտասարդները», - հավելեց Ն. Աղաբալյանը:
