հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Պատերազմի ընթացքում ադրբեջանցիները ջնջել են «Ղ Տելեկոմի» սերվերների պահուստային պատճենները

Պատերազմի ընթացքում ադրբեջանցիները ջնջել են «Ղ Տելեկոմի» սերվերների պահուստային պատճենները

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսեց Արցախի Հանրապետության դեմ։ Պատերազմի հենց առաջին օրերին Արցախի հեռահաղորդակցության օպերատոր «Ղարաբաղ Տելեկոմի» կապը սկսեց խափանումներով աշխատել, մուտքային և ելքային զանգերի, հաղորդագրությունների և ինտերնետ-կապի հնարավորություն չկար։ Թեմային անդրադարձել է Hetq-ը:

Ակնհայտ էր, որ Արցախի կապի օպերատոր «Ղարաբաղ Տելեկոմը» դարձել է ադրբեջանցի հաքերների հարձակման հիմնական թիրախներից մեկը։ Հետագայում պետք է պազվեր, որ ադրբեջանցիներին հաջողվել է խաթարել «Ղարաբաղ Տելեկոմի» սերվերների օպերացիոն համակարգերի բնականոն աշխատանքը, ինչպես նաև ջնջել նշված սերվերների պահուստային պատճենները։ Հավանաբար հենց այս հանգամանքներով էլ պայմանավորված՝ հոկտեմբերի 2-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի որոշմամբ՝ «Ղարաբաղ Տելեկոմի» կառավարման լիազորություններն անցան պետությանը։

Ադրբեջանցի հաքերների կողմից կապի օպերատորներին հասցրած վնասների, բարձրաստիճան պաշտոնյաների ու զինվորականների հնարավոր գաղտնալսումների և ենթադրյալ քրեական գործերի մասին տեղեկությունները ստուգելու նպատակով կայքը հարցումներ է ուղարկել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների համապատասխան գերատեսչություններ։

Արցախի գլխավոր դատախազին հասցեագրված հարցմանն ի պատասխան՝ հայտնեցին, որ «Ղարաբաղ Տելեկոմի» մատուցած ինտերնետ-կապի և հեռախոսակապի խափանման հանցավոր պատճառների մասին, ինչպես նաև Ադրբեջանի կողմից կապի կառավարումն իր ձեռքը վերցնելու վերաբերյալ ընկերությունից և Արցախի պետական մարմիններից հաղորդումներ չեն ներկայացվել: Ինչ վերաբերում է հնարավոր գաղտնալսումներին, Արցախի դատախազությունը նշել է, որ ԱՀ իրավապահ մարմինների վարույթներում նմանատիպ գործեր չեն քննվում։

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունից «Հետքին» տեղեկացրել են, որ ՀՀ իրավապահ մարմինների վարույթներում քննվում են պատերազմին առնչվող տարբեր քրեական գործեր, սակայն հարցման մեջ նշված հանգամանքները որևէ քրեական գործի քննության առարկա չեն հանդիսանում՝՝ այդպիսի տվյալների բացակայության պատճառով։
 
Կայքի հարցմանն ի պատասխան՝ հետաքրքիր տեղեկություններ է հաղորդել ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ)․

«Ստացված տեղեկությունների համաձայն՝ հաքերային հարձակումներից խաթարվել էր «Ղարաբաղ Տելեկոմի» սերվերների օպերացիոն համակարգերի բնականոն աշխատանքը, բացի այդ ջնջվել էին նշված սերվերների պահուստային պատճենները։ Արդյունքում, դադարել էր ընկերության կողմից կապի ծառայությունների մատուցումը։ Գաղտնալսումների մասին տեղեկատվությունները փաստող տվյալներ չեն ստացվել»,- ասվում է ԱԱԾ-ի պատասխանում։

Ադրբեջանցիները հնարավորություն են ունեցել առանց որևէ խոչընդոտի միանալ հայկական ցանցին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: