չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Որքանով է ապահովված Արցախի անվտանգությունը. Արտակ Բեգլարյանը` հիմնախնդրի կարգավորման մասին

Որքանով է ապահովված Արցախի անվտանգությունը. Արտակ Բեգլարյանը` հիմնախնդրի կարգավորման մասին

Արցախում կարճաժամկետ առումով անվտանգային խնդիրները լուծված են, ինչը չի կարելի ասել երկարաժամկետի հեռանկարի մասին։

 Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը։
 
 
Նրա խոսքով` քանի դեռ ռուս խաղաղապահներն Արցախում են, քանի դեռ ադրբեջանական կողմը շարունակում է խոսել սպառնալիքի լեզվով, արկածախնդրություն է խոսել Արցախում անվտանգային խնդիրների լուծման մասին։ Նույնիսկ ռուս խաղաղապահների ներկայության պարագայում Արցախը երբեմն հայտնում է ադրբեջանական սադրանքների կիզակետում։
 
«Կարճաժամկետ առումով մի քանի դրվագներ լինում են, եղել են նաև մի քանի խոշոր դրվագներ, նաև վիրավորման դեպքեր, այդ թվում` զինծառայողների ու քաղաքացիական անձանց, բայց մեծ հաշվով այս պահին Արցախի ու արցախցիների անվտանգությունն ապահովված է»,- ասաց նա։
 
Բեգլարյանը հուսով է, որ միջազգային երաշխիքներով, այդ թվում խաղաղապահների երկարաժամկետ ներկայությամբ հնարավոր կլինի երկարաժամկետ երաշխիքներ ստանալ և այդ ընթացքում կարգավորել հակամարտությունը Արցախի ժոովրդի ինքնորոշման իրավունքի անվերապահ ընդունման, միջազգային կարգավիճակի` անկախության ճանաչման, Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության և մեր օկուպացված տարածքների դեօկուպացիայի հիման վրա։
 
«Նախկին ԼՂԻՄ սահմանները և Շահումյանը օկուպացված են, և պետք է դրանք ճանաչել հայկական, սակայն շատ դեպքերում երկրները միմյանց ճանաչում են կամ նույնիսկ ՄԱԿ-ի անդամ են դառնում առանց սահմանների հստակեցման»,- նշեց Բեգլարյանը։
 
Ըստ նրա` կարևորն այս պարագայում կարգավիճակն է ու ճանաչումը, սահմանները կարող են տասնամյակներ շարունակ քննարկվել, վեճերի առարկա լինել։

  • Կիսվել: