հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
«Օգնության ձեռք՝ Արցախ» հասարակական կազմակերպությունը բարեգործական ծրագրեր է իրականացնում

«Օգնության ձեռք՝ Արցախ» հասարակական կազմակերպությունը բարեգործական ծրագրեր է իրականացնում

«Օգնության ձեռք՝ Արցախ» հասարակական կազմակերպության հիմնադիր-նախագահ Քրիստինե Ջալալյանը պատմում է, որ միշտ էլ նպատակ է ունեցել կատարել այնպիսի աշխատանք, որը կօգնի մարդկանց։

«Արցախպրես»֊ի թղթակցի հետ զրույցում նա ասաց, որ փորձում է օգնել բոլոր նրանց, ովքեր ունեն դրա կարիքը։

«Պահը հասունցավ, և միտք առաջացավ համախմբելու նաև ինձ նմաններին, որոնց անմիջական մասնակցությամբ էլ կյանքի կկոչեինք տարբեր ծրագրեր: Այդպես և ստեղծվեց «Օգնության ձեռք՝ Արցախ» հասարակական կազմակերպությունը»,- նշեց մեր զրուցակիցը։

Կազմակերպության գործունեության նպատակներն են՝ մարդասիրական օգնության և բարեգործական գործունեության ծավալում, ֆիզիկական անձանց (հաշմանդամներին, ծնողազուրկ երեխաներին, գործազուրկներին), ինչպես նաև սակավ ապահովված ընտանիքներին (որոնք չեն կարող ինքնուրույն ապահովել իրենց նյութական և հոգևոր պահանջները) աջակցում, պատմական, ճարտարապետական, մշակույթի և արվեստի հուշարձանների պահպանման և վերականգնման ծրագրերի իրականացմանը, բնության և շրջակա միջավայրի պահպանման և բարեկարգման աշխատանքներին աջակցում, ճանաչողական այցերի կազմակերպում դեպի պատմամշակութային վայրեր, ստեղծագործական երեկոների և մրցույթների անցկացում:

Բնութագրությունը հասանալի չէ

«Իրագործելով այս ամենը՝ մենք մեր օգնության ձեռքն ենք մեկնում նրանց, ովքեր ունեն դրա կարիքը», - հավելեց Ք. Ջալալյանը:

ՀԿ-ն գործել է թե՛ մինչ պատերազմը, թե՛ պատերազմի ընթացքում, թե՛ հետպատերազմյան ժամանակաշրջաններում՝ խնդիր ունենալով փոքր-ինչ թեթևացնել մարդկանց հոգսերը: «Արցախյան 3-րդ պատերազմից հետո մենք սկսեցինք աշխատել կրկնակի, քանի որ ունենք հազարավոր տարհանված ընտանիքներ»,- մեզ հետ զրույցում նշեց կազմակերպության նախագահը։

Նրա հավաստմամբ՝ Պատերազմի ավարտից հետո «Օգնության ձեռք՝ Արցախ» հասարակական կազմակերպությունն Արցախում սնունդ և հագուստ է բաժանել պատերազմի հետևանքով անօթևան դարձած 46 ընտանիքների։ Համագործակցելով «Այբ» դպրոցի հետ, ամանորյա նվերներ է հանձնել արցախցի 98 փոքրիկների։ Ամանորին ընդառաջ՝ սննդամթերքից և հիգիենայի պարագաներից բաղկացած փոքրիկ փաթեթներ է պատրաստել Ստեփանակերտի N զորամասի զինվորների և ռուս խաղաղապահների համար:

«Օգնության ձեռք՝ Արցախ» ՀԿ-ի նախաձեռնությամբ մի խումբ երեխաներ ճանչողական այցով եղել են Գանձասարում։ Խմբում ընդգրկվել են տեղահանված ընտանիքների , ինչպես նաև զոհված զինծառայողների երեխաներ: Այցի ընթացքում կազմակերպվել էր նաև հյուրասիրություն: Մարտակերտի շրջանի Զագլիկ համայնքում վերաբնակեցված 3 ընտանիքների տրամադրեցին հագուստ, դպրոցական պայուսակներ և սնունդ։ Մարտի 1-ից մինչև հունիսի 1-ը ՀԿ-ի կողմից կազմակերպվել է եռամսյա կրթական ծրագիր, որի շրջանակներում իրականացվում էր Արցախյան 3-րդ պատերազմի պատճառով տեղահանված ընտանիքների երեխաների դասապատրաստում:

Ծրագրին մասնակցեցին ք. Ստեփանակերտի հ. 1 և հ. 7 դպրոցներում սովորող տեղահանված երեխաներ՝ 3-րդ և 5-րդ դասարաններից: Համապատասխան մասնագետները երեխաներին ուսուցանում էին մայրենի լեզու, մաթեմատիկա, ռուսաց լեզու և անգլերեն լեզու առարկաները. ծրագրին մասնակցեց մոտ 30 աշակերտ։

  • Կիսվել: