հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Նոր ուսումնականը Արցախի մայր բուհում մեկնարկեց անկախության դասով

Նոր ուսումնականը Արցախի մայր բուհում մեկնարկեց անկախության դասով

 

Մայր բուհում նոր ուսումնական տարին մեկնարկեց Արցախի Հանրապետության  հռչակման և Գիտելիքի ու դպրության օրվան նվիրված  անկախության դասով, որը վարել են ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը և ՊԲ հրամանատարի ԲՀԱ գծով տեղակալ, գնդապետ Նորայր Մկրտչյանը:

Անկախության դասը  մեկնարկել է մեկ րոպե լռությամբ՝ հարգելով պատերազմի հետևանքով հավերժի ճամփորդ դարձած տղաների հիշատակը:

Ողջունելով ներկաներին՝ ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը շնորհավորել է ուսանողներին ու դասախոսներին՝ Գիտելիքի ու դպրության օրվա առթիվ՝ նշելով, որ այսուհետ բոլոր միջոցառումները պետք է սկսել՝ խնկարկելով պատերազմի նահատակ դարձած մեր լույս տղաների հիշատակը:

«Նրանց  չապրած կյանքն ու անօրինակ սխրանքը պատգամում են յուրաքանչյուր ապրողի էլ ավելի մեծ պատասխանատվությամբ լծվել  իրեն բաժին հասած աշխատանքին ու առաքելությանը, ուսանողին՝ սովորել, դասախոսին՝ սովորեցնել՝ միասին ապրելով մեր հայրենիքում ու ապրեցնելով Արցախի Հանրապետությունը: Միայն համառ աշխատանքով, մեծ նպատակասլացությամբ,  անկոտրում կամքով ու համախմբվածությամբ կարող ենք հաղթահարել մեզ բոլորիս բաժին ընկած դժվարությունները և ուղղենք  պատերազմից կորացած մեջքը»,-նշել է Ա. Սարգսյանը:

ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը, շնորհավորելով  անկախության հռչակման և գիտելիքի ու դպրության տոների առթիվ, ընդգծել է, որ ԱՀ ԿԳՄՍ-ն պատրաստ է  իրականություն դարձնել սովորողների կրթական երազանքները:

«Արցախում կշարունակվի  ստեղծվել ժամանակին  համահունչ գիտելիք։  Արցախը ունի այդ ներուժը: Վկայությունը՝  բնագիտական  միջազգային օլիմպիադայում այս տարվա մեր  նվաճումն է։ Պատմական հենց այս ժամանակահատվածում է, որ կրթական համակարգը պետք է խիզախի ու նվաճի։ Պետականությունը ձեռք է բերվում շատ թանկ գնով: 30 տարի առաջ մենք ունեցանք պատմության փառավոր էջեր՝ հայկական զույգ պետություն: Ես հավատում եմ մեր վերադարձին, հավատում եմ կրթության ու գիտության դավանանքին: Համոզված եմ՝  մենք միասին  կհաղթահարենք նաև մեր հարատևման այս փորձությունը և կշարունակենք գրել հիշատակության արժանի հայ հերոս զինվորի սխրանքների մասին»,-նշել է նախարար Ղարախանյանը՝ հավելելով, որ մեր պատմությունը այսուհետ պետք է գրվի այնպես, ինչպես մեր լույս տղաներն են իրենց սխրանքով պատգամում:

ՊԲ հրամանատարի ԲՀԱ գծով տեղակալ, գնդապետ Նորայր Մկրտչյանը,  շնորհավորելով համալսարանականներին, անդրադարձել է ԼՂՀ անկախության հռչակման պատմական նախադրյալներին, որոնք 30 տարի առաջ  հայ ժողովրդի առջև դրել էին լինել-չլինելու խնդիր, և անկախության հռչակումը հրամայական էր դարձել:

«Այդ լինել-չլինելու խնդիրը հայ ժողովրդի առջև դրվեց նաև 2020 թ. սեպտեմբերի 27-ին: Մեր տղաներն անօրինակ սխրանքներով ու հերոսական դրվագներով ցույց տվեցին մինչև վերջ կանգնելու ու պայքարելու հայ ժողովրդի անկոտրում կամքը: Արցախյան  բոլոր պատերազմների  ընթացքում մեր հերոս տղաների, նվիրյալների շնորհիվ այսօր ունենք Արցախի  Հանրապետություն: Արցախի անկախությունը հայ ժողովրդի գոյության բանալին է »,-նշել է Նորայր Մկրտչյանը՝ հավելելով, որ անկախությունը  բացարձակ արժեք է, և որի պահպանման ու ամրապնդման համար առանցքային դեր ունի գիտելիքներով զինված քաղաքացին:

Համալսարանականներին շնորհավորել են նաև «Արցախի պահեստազորի սպաների միություն» ՀԿ ներկայացուցիչները:

 

 

  • Կիսվել: