հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Նիկոլա և Քրիստինա Ազնավուրներն իրենց համերաշխությունն են հայտնում Ռուբեն Վարդանյանին

Նիկոլա և Քրիստինա Ազնավուրներն իրենց համերաշխությունն են հայտնում Ռուբեն Վարդանյանին

«Ազնավուր» հիմնադրամից հայտնում են, որ Նիկոլա և Քրիստինա Ազնավուրներն իրենց համերաշխությունն են հայտնում Բաքվում ապօրինի կալանավորված՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին:

«Ռուբեն Վարդանյանը տասնամյակներ շարունակ նախաձեռնել և իրականացրել է զարգացման լայնածավալ նախագծեր կրթության, բարեգործության և պետականաշինության ոլորտում՝ իր ժամանակն ու ռեսուրսները ներդնելով Հայաստանի և Արցախի ապագայի մեջ։

Ավելի քան երկու տարի է, ինչ Ռուբեն Վարդանյանն ապօրինաբար պահվում է Բաքվի բանտում։ Մեկ տարուց ավելի տևած նրա դատավարությունը լայնորեն քննադատվել է իրավաբանների, միջազգային կառույցների և մարդու իրավունքների պաշտպանների կողմից՝ որպես արդար դատաքննության երաշխիքների հետ ամբողջությամբ անհամատեղելի գործընթաց: Արդյունքում Ռուբեն Վարդանյանը ռազմական դատարանի կողմից դատապարտվել է 20 տարվա ազատազրկման՝ մեղադրվելով հանցանքների մեջ, որոնք նա և նրա իրավաբանական թիմը կտրականապես մերժում են՝ համարելով դրանք քաղաքական նկատառումներով պայմանավորված և ապացույցներից զուրկ:

Նիկոլա և Քրիստինա Ազնավուրներն իրենց համերաշխությունն են հայտնում Ռուբենին, նրա ընտանիքին և բոլոր նրանց, ովքեր այս դժվարին ժամանակահատվածում կանգնած են նրա կողքին»,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: