կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Միջադեպ տեղի ունեցավ, քանի որ կային անձինք, որոնք եկել էին անկարգությունները սադրելու նպատակով. Շահրամանյան

Միջադեպ տեղի ունեցավ, քանի որ կային անձինք, որոնք եկել էին անկարգությունները սադրելու նպատակով. Շահրամանյան

Ցավոք սրտի, միջադեպ տեղի ունեցավ, քանի որ այդ մարդկանց մեջ կային անձինք, որոնք եկել էին անկարգությունները սադրելու նպատակով։ Այս մասին այսօր Արցախի հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ տեղի ունեցավ Արցախի ներկայացուցչության մոտ հոկտեմբերի 20-ին:

«Շատ մեկնաբանություններ եմ լսել, որ դա ուղղորդված էր, կազմակերպված էր։ Այդ կարծիքներն էլ գոյության իրավունք ունեն, բայց ես դրանց վերաբերում եմ հետևյալ կերպով, որ մեր քաղաքացիները, հաշվի առնելով նաև նրանց բարդ սոցիալական, հոգեկան իրավիճակը, ցանկանում էին որոշակի հարցեր ուղղել և պատասխաններ ստանալ իրենց ղեկավարներից։ Ես դա համարում եմ նորմալ և բավականին կառուցողական։ Բայց, ցավոք սրտի, միջադեպ տեղի ունեցավ, քանի որ այդ մարդկանց մեջ կային անձինք, որոնք եկել էին անկարգությունները սադրելու նպատակով։ Եվ մենք տեղեկատվական շտաբով տարածած հաղորդագրությամբ դատապարտել ենք այդ պահվածքը և այսօր էլ հայտարարում ենք, որ պատրաստ ենք լսել մեր բնակչությանը, տալ նրանց հուզող հարցերի պատասխանները»,-ասաց նա։

Շահրամանյանը նշեց, որ բաձրացված հարցերի մեծ մասը կապված էին սոցիալական խնդիրների հետ.  «Մենք մեր բնակչությանը տեղեկացրել ենք, որ մենք գտնվում ենք Հայաստանի Հանրապետությունում և ՀՀ կառավարությունը բոլոր սոցիալական և այլ խնդիրների լուծումը վերցրել է իր պատասխանատվության տակ և դրա մասին համապատասխան հայտարարություն է տարածվել։ Նաև ուզում եմ տեղեկացնել, որ գործում է հումանիտար կենտրոն, որը գտնվում է Արմավիրի մարզի Փարաքար համայնքում՝ Նաիրի 42 հասցեում և կա համապատասխան հեռախոսահամար, որով մեր բնակչները կարող են ցանկացած սոցիալական հարցերով դիմել և ստանալ իրենց պատասխանները»,- նշեց նա։

Հարցին, թե նախագահն էլ է ներկայացուցչությունում տեղի ունեցածից հետո եկել այն եզրահանգման, որ մարդկանց հուզերն այդ պահին ուղղորդվել են դեպի Արցախի իշխանություն և ինչ-որ ուժեր փորձում են պառակտել Արցախի իշխանությանը, նա ասաց. «Հնարավոր է նաև, որ որոշ շրջանակներ նպատակ ունենային Արցախի բնակչության մեջ սերմանել այդ պառակտումը, բայց ես հուսով եմ, որ մեր քաղաքացիները, հասկանալով, որ իրենց օգտագործում են ի վնաս Արցախի և Հայաստանի, կխուսափեն ներգրավվել նման գործընթացներում։ Այս ամենը թույլ չտալու պլանը մեկն է․ պետք է աշխատել բնակչության հետ, ապահովել նրանց հարցեր և պատասխաններ ստանալու հնարավորությունը, այն, ինչը մենք միշտ հայտարարել ենք մեր հնարավորությունների սահմաններում անել։ 

Իհարկե, որպես արցախցի՝ ես ամեն ինչ անելու եմ, որ թեթևացնենք մեր արցախցիների սոցիալական բեռը և պայմանները, բայց ուզում եմ, որ հասկանանք, որ մեր կառավարությունը չունի համապատասխան լծակներ այդ հարցերին լուծում տալու համար, այդ պատճառով խնդրում եմ, որ մեր քաղաքացիները դիմեն նշածս հասցեով և ստանան բոլոր հարցերի պատասխանները»։

  • Կիսվել: