շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը զբաղվում է Անձնագրային գրասենյակների աշխատանքի հետ կապված արցախցիների կողմից հնչեցված բողոքներով

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը զբաղվում է Անձնագրային գրասենյակների աշխատանքի հետ կապված արցախցիների կողմից հնչեցված բողոքներով

 Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը զբաղվում է Անձնագրային գրասենյակների աշխատանքի հետ կապված արցախցիների կողմից հնչեցված բողոքներով։

Այս մասին InfoPort.am-ի թղթակցի հետ զրույցում հավաստեց Ծառայության խոսնակ Նելլի Դավթյանը։ Նա չհերքեց, որ բողոքները կրում են օբյեկտիվ բնույթ և պայմանավորված են Անձնագրային գրասենյակների աշխատանքների վատ կազմակերպմամբ։

«Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ղեկավար կազմից ներկայացուցիչներ այցելել են Անձնագրային գրասենյակներ, տվել են անհրաժեշտ ցուցումներ, հիմա կազմակերպա-հսկողական խումբն է գնում՝ կարգավորելու հերթերը։ Միաժամանակ նոր մարդկային ռեսուրսներ ենք ներգրավում, փորձագետների հավաքագրման համապատասխան հայտարարությունը ՆԳՆ և ՄՔԾ խողովակներով պարբերաբար հրապարակվում են»,- կայքի հետ զրույցում նշեց Դավթյանը։

Նշենք, որ վերջին շրջանում Արցախից բռնագաղթած մեր հայրենակիցների կողմից հաճախ են հնչում բողոքներ Անձնագրային ծառայությունների ոչ պատշաճ աշխատանքի, աշխատակիցների կոպիտ վերաբերմունքի առնչությամբ։

Լրագրող Վահե Սարուխանյանը, մասնավորապես, ահազանգել է, որ Անձնագրային բաժիններում արցախցիներին սպասարկում են ընդամենը երկու աշխատակից, իսկ արցախահայության փաստաթղթային խնդիրները բազում են, այդ իսկ պատճառով գոյանում են հսկայական հերթեր՝ մարդիկ ստիպված են լինում ողջ օրը անցկացնել անձնագրայիններում, ստեղծվում է նյարդային վիճակ համ այցելուների, համ գրասենյակների աշխատակիցների համար։

  • Կիսվել: