կիրակի, մարտ 3
3 / 3 / 2024
Միայն Լաչինի միջանցքի լիակատար վերագործարկման դեպքում հնարավոր կլինի խոսել շրջափակման դադարեցման մասին. ԱՀ ԱԳՆ

Միայն Լաչինի միջանցքի լիակատար վերագործարկման դեպքում հնարավոր կլինի խոսել շրջափակման դադարեցման մասին. ԱՀ ԱԳՆ

Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ Արցախ հումանիտար բեռ ուղարկելու կապակցությամբ:

՛՛2023 թվականի սեպտեմբերի 18-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տրանսպորտային միջոցներով Լաչինի միջանցքով և Ակնա (Աղդամ)- Ստեփանակերտ ճանապարհով Արցախ է բերվել շուրջ 28 տոննա հումանիտար բեռ, որը պարունակում է ցորենի ալյուր, բժշկական պարագաներ և հիգիենայի միջոցներ: Այս մարդասիրական առաքելությունը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության և միջազգային միջնորդների մասնակցությամբ երկարատև քննարկումների արդյունք է՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից լիակատար շրջափակման հետևանքով ստեղծված ծայրահեղ ծանր հումանիտար իրավիճակը:

Միևնույն ժամանակ հարկ է ընդգծել, որ Արցախը դեռևս շարունակում է պաշարված մնալ՝ զրկված լինելով Հայաստանից գազի ու էլեկտրաէներգիայի մատակարարումներից և հանրապետության ժողովրդի բնականոն կենսագործունեությունն ապահովելու հնարավորությունից: Անհրաժեշտ է նշել, որ վատթարացող հումանիտար աղետը հնարավոր չէ կանգնեցնել առանց սննդի և առաջին անհրաժեշտության ապրանքների հուսալի և կանոնավոր մատակարարման: Մարդասիրական բեռի այս առաքումը, որը կազմում է մինչև շրջափակումն օրական Արցախ ներմուծվող 400 տոննա ապրանքների 7 տոկոսից պակաս, ո՛չ ծավալով, ո՛չ էլ ներմուծվող ապրանքների տեսականիով չի կարող փոխարինել առևտրային բեռների կանոնավոր ապրանքաշրջանառությունը, որն անհրաժեշտ է Արցախի բնականոն կենսագործունեությունը և բնական զարգացումն ապահովելու համար:

Կրկին ընդգծում ենք, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ներգրավված միջազգային դերակատարները պետք է ապահովեն Լաչինի միջանցքի լիակատար վերագործարկումը մարդկանց, տրանսպորտային միջոցների ու բեռների երկու ուղղություններով անվտանգ և անարգել տեղաշարժի համար՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության և ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումների: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի խոսել շրջափակման դադարեցման, ինչպես նաև բնականոն կենսագործունեության և Արցախի ժողովրդի անհատական ու հավաքական իրավունքների, այդ թվում՝ ազատ տեղաշարժի, առողջության, կրթության և զարգացման իրավունքի լիարժեք իրացման համար անհրաժեշտ պայմանների հետագա վերականգնման մասին՛՛,-ասված է հայտարարության մեջ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: