երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Միակողմանի զիջումներ Ստեփանակերտը չի անի. ցանկացած զիջման դեպքում ունենալու ենք հաջորդ զիջումը. Արցախի նախագահ

Միակողմանի զիջումներ Ստեփանակերտը չի անի. ցանկացած զիջման դեպքում ունենալու ենք հաջորդ զիջումը. Արցախի նախագահ

Ադրբեջանի պահանջը հեռու է բնապահպանական կոչվելուց: Այս մասին Արցախի ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքը երեկվանից ադրբեջանցիների կողմից փակելուն:

Նա հավելել է, որ Ստեփանակերտում վերջին հանրահավաքը, Ռուբեն Վարդանյանի պետնախարար նշանակվելն ու իր Ֆրանսիա այցը Ադրբեջանում ցավոտ են ընդունել. «Նրանց մոտ ձեւավորված է կարծրատիպ, որ մենք համակերպվել ենք սոցիալական, կենցաղային խնդիրներով եւ հրաժարվելու ենք մեր  ազգային ինքնորոշման քաղաքականությունից: Բայց նման մեծ հանրահավաքը, այցելությունը Ֆրանսիա... Ադրբեջանի համար դա եղել է շոկային: Ընդհուպ բազմաթիվ սպառնալիքներ են եղել իմ հասցեին, իմ նկատմամբ եւ այլն:

Սադրիչ գործողություններն արդյունք չեն տալու, միակողմանի զիջումներ Ստեփանակերտը չի անի: Այսպես կոչված բնապահպանների դիտորդական այցին ի պատասխան Արցախի իշխանություններն էլ են պահանջներ ներկայացրել:

Շատ կառուցողական վարքագիծ ենք դրսեւորել, բայց մեր բոլոր առաջարկությունները մի կողմ են դրել: Եթե իրենց նպատակը էկոլոգիական դիտարկումը, մոնիտորինգն է, ապա մենք դա առաջարկել ենք, որը չի ընդունվել, քանի որ նրանց նպատակը ճանապարհը փակելն է եղել»,-ասաց նա:

Արցախի նախագահը Հայաստանում եւ Սփյուռքում ապրող հայերին կոչ արեց խաղաղ ակցիաներով միջազգային կազմակերպություններին լսելի դարձնել Արցախի ձայնը՝ տեղեկացնելով, որ այստեղ հումանիտար աղետ է. «Մենք չպետք է հուսահատվենք: Մենք պետք է գիտակցենք, որ նման ճնշումներով ցանկացած զիջում կորզելու պարագայում մենք ունենալու ենք հաջորդ զիջումը: Մինչեւ  այսօր մենք երբեւէ որեւէ զիջում չենք արել, երբեւէ միակողմանի կամ պարտադրանքով որեւէ հարց չենք լուծել: Միշտ եղել են խոսակցություններ, դրանց արդյունքում եկել ենք համաձայնության: Դա եղել է ենթակառուցվածքների, ճանապարհի, Սարսանգի ջրերի օգտագործման հետ կապված խնդիրներ: Միշտ եղել է երկխոսություն, այս անգամ դա խախտվել է»,-ասաց Արայիկ Հարությունյանը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: