շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Մեր ռազմավարական նպատակն Արցախ վերադառնալն է». Արտակ Բեգլարյան

«Մեր ռազմավարական նպատակն Արցախ վերադառնալն է». Արտակ Բեգլարյան

«Օրակարգում արցախցիների կոլեկտիվ իրավունքների պաշտպանության, այդ թվում՝ Արցախ վերադարձի իրավունքի հարցն է, դա մեր ռազմավարական նպատակն է»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:

Ըստ Բեգլարյանի՝ մարդասիրական ծրագրերը պետք է սպասարկեն այդ օրակարգը:

«Մենք չպետք է թույլ տանք, որ Հայաստանի իշխանությունները փակեն այդ հարցը: Այն պետք է լինի Ադրբեջանի հետ բանակցությունների սեղանին: Առանց Հայաստանի իշխանությունների հստակ դիրքորոշման մենք արդյունքի չենք հասնի: Նրանք պետք է ընդգծեն, որ դա Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ չէ: Միջազգային դատարանը համապատասխան որոշում է ընդունել արցախցիների վերադարձի իրավունքի մասին»,- նշել է Բեգլարյանը:

Արցախցիների ամենասուր սոցիալական խնդիրը, նախկին պետնախարարի խոսքով, բնակարանային հարցն է;

«Ելնելով պատճառներից՝ արցախցիներին սխալ է համեմատել Հայաստանի՝ կացարանից զրկված բնակիչների հետ: Արցախցիները բռնի տեղահանվածներ են դարձել ցեղասպանության արդյունքում, ինչպես նաև Հայաստանի ստանձնած պարտավորությունների ձախողման պատճառով: Ձախողել են նաև Ռուսաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ը և, ընդհանուր առմամբ, ամբողջ միջազգային հանրությունը:

Դրանից բացի, Հայաստանը փախստականի կարգավիճակ ունեցողների նկատմամբ լրացուցիչ պարտավորություններ ունի: Մեր դեպքում տարբերվում է նաև ֆինանսավորման աղբյուրը: Հայաստանը պետք է միջազգային հանրությունից խոշոր գումարներ պահանջի արցախցիների սոցիալական խնդիրների համար: Դրա փոխարեն Հայաստանի իշխանությունները հայտարարում են, թե արդյունավետորեն լուծում են այդ խնդիրները՝ միջազգային հանրությանը ազդարարելով, որ նրանց աջակցության կարիքը չկա»,- ընդգծել է նախկին պետնախարարը:

Նա հայտարարել է, որ ակտիվ համագործակցում է Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախմբի անդամների հետ, որը ղեկավարում է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

«Ակտիվ, արդյունավետ համագործակցում ենք: Հուսով եմ, որ Կոմիտեն հանրային գործունեության փուլ կմտնի: Կարևոր է, որ այս Կոմիտեն ստվեր չգցի Արցախի պետական ինստիտուտների վրա կամ չստանձնի նրանց լիազորությունները»,- եզրափակել է Արտակ Բեգլարյանը:

  • Կիսվել: