հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Մենք չենք պատրաստվում կողմերին հակադրել ինչ-որ միջնորդություններ․ Նեդ Փրայս

Մենք չենք պատրաստվում կողմերին հակադրել ինչ-որ միջնորդություններ․ Նեդ Փրայս

Մենք հետևում ենք մարտի 5-ին Լեռնային Ղարաբաղի ներսում տեղի ունեցած կրակոցների մասին տեղեկություններին, որոնց արդյունքում 5 մարդ է սպանվել։ Այս մասին ասել է ԱՄՆ պետդեպի խոսնակ Նեդ Փրայսն՝ անդրադառնալով Լաչինի միջանցքում Ադրբեջանի վերջին դիվերսիոն գործողություններին։

«Ցավակցում ենք տուժածների ընտանիքներին։ Հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում, և վեճերը լուծելու նպատակով ուժի գործադրումը երբևէ ընդունելի չէ։ Խաղաղության հասնելու միակ ճանապարհը բանակցությունների սեղանն է։ Կովկասի հարցերով ավագ խորհրդական Լուսի Բոնոն տարածաշրջանում է, որպեսզի ընդգծի առաջ գնալու միակ ուղին ուղիղ երկխոսության ու դիվանագիտության միջոցով։ Ինչպես պետքարտուղարն է նշել, ԱՄՆ-ն հանձնառու է Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցությունների հարցում։

Մեզ համար հստակ է, որ ուղիղ երկխոսությունն ու քննարկումը կողմերի միջև բացարձակ անհրաժեշտություն է։ Սա առաջին հերթին պարտադիր է հենց կողմերի համար։ Մենք երկու երկրների համար էլ գործընկեր ենք եղել նպաստելով եռակողմ հանդիպումներին ԱԳ նախարարների և առաջնորդների մակարդակով։ Մենք պատրաստ ենք երկկողմ, եռակողմ և բազմակողմ աջակցություն ցուցաբերել շարունակելով գործընկերոջ մեր դերը տևական խաղաղության հաստատման հարցում ջանքեր ներդնելով»։

ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը՝ անդրադառնալով լրագրողի այն հարցադրմանը, թե ինչու են կարգավորման արևմտյան ջանքերն ավելի նախընտրելի ռուսականից: Լրագրողը հիշեցրել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությունն այն մասին, թե խնդիրն ավելի լավ կլինի լուծել՝ հավատարիմ մնալով ռուսական միջնորդական ջանքերին, պատասխանել է, որ ԱՄՆ-ն չի պատրաստվում դեմ հանդես գալ Լեռնային Ղարաբաղում կարգավորման միջնորդական որևէ առաջարկի:

«Մենք չենք պատրաստվում կողմերին հակադրել ինչ-որ միջնորդություններ, կողմերն իրենք պիտի որոշեն։ Մենք, փաստացի, մենք միջնորդ էլ չենք, այլ գործընկեր ենք երկու երկրների համար։ Կարծում եմ թե' խոսքով, թե' գործով մենք ցույց ենք տվել, որ կարող ենք մոտեցնել երկու երկրներին, ինչպես նաև մեր պատրաստակամությունը և ցանկությունը հավելյալ առաջընթաց արձանագրելու Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում։

Մենք սա չենք անում որպես միջոց Մոսկվայի հետ մրցելու համար։ Մենք սա անում ենք համաձայնություն կայացնելու և երկու երկրների հարատև կոնֆլիկտը հանգուցալուծելու նպատակով։ Դժբախտաբար, կոնֆլիկտը շարունակում է կյանքեր խլել, ինչպես մարտի 5-ին։ Մեզ այստեղ հետաքրքրում է միայն խաղաղությունը և անվտանգությունը։ Դա նաև Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների շահերից է բխում»,– ասել է նա։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: