չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Մեկնարկել է Արցախի հռչակման օրվա առթիվ միանվագ օգնության տրամադրումը․ ովքե՞ր կարող են ստանալ դրամական աջակցություն

Մեկնարկել է Արցախի հռչակման օրվա առթիվ միանվագ օգնության տրամադրումը․ ովքե՞ր կարող են ստանալ դրամական աջակցություն

Աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ Արցախի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման համաձայն՝ սեպտեմբերի 2-ի՝ Արցախի Հանրապետության հռչակման օրվա կապակցությամբ հատկացվող միանվագ դրամական օգնության տրամադրումը սկսված է:

Օգնությունը տրամադրվում է հետևյալ անձանց.

✅Հաշմանդամ զինծառայողներին,
✅Զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին,

 

✅Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական կամ պաշտոնեական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած)՝ հետմահու «Մարտական խաչ» 1-ին և (կամ) 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրված անձանց ընտանիքների անդամներին,
✅«Մարտական խաչ» 1-ին և (կամ) 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրված և Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական կամ պաշտոնեական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) անձանց ընտանիքների անդամներին,
✅Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի 20-րդ գումարման արտահերթ նստաշրջանին և 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում գումարված Լեռնայի Ղարաբաղի մարզային խորհրդի և Շահումյանի շրջանային խորհրդի միացյալ նիստին մասնակցած պատգամավորներին,
✅Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին,
✅Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին հավասարեցված  անձանց,
✅Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին՝ 13000-ական դրամ,
✅Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին հավասարեցված  անձանց,
✅Հայրենական մեծ պատերազմում զոհվածների ընտանիքի անդամներին,
✅Հայրենական մեծ պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին հավասարեցված անձանց,
✅Հայրենական մեծ պատերազմի տարիներին թիկունքում զինծառայություն անցած, ինչպես նաև այդ ժամանակաշրջանում թիկունքում անձնազոհ աշխատանքի կամ անբասիր ծառայության համար պարգևատրված անձանց:

Դրամական օգնության վճարումներն իրականացվում են Ստեփանակերտ քաղաքում և շրջաններում գործող «Արցախփոստ» ՓԲԸ բաժանմունքների կողմից՝ ըստ քաղաքացիների հաշվառման (բնակության) վայրի:

Տեղահանված քաղաքացիների վճարումներն իրականացվում են «Արցախբանկ»-ի մասնաճյուղերի միջոցով։

Դրամական օգնություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայանալ անձնագրով  կամ անձը հաստատող այլ փաստաթղթով։

  • Կիսվել: