կիրակի, հունիս 15
15 / 6 / 2025
Մեդիա ակադեմիան Արցախում անվճար դասընթաց է սկսում

Մեդիա ակադեմիան Արցախում անվճար դասընթաց է սկսում

Հայաստանի հանրային հեռուստաընկերության Մեդիա ակադեմիան մեկնարկում է լրագրողների և հաղորդավարների անվճար դասընթացի ընդունելություն Արցախում:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մեդիա ակադեմիայի ղեկավար Լենա Մինասյանը:

«Առաջին ալիքի Մեդիա ակադեմիան Արցախի հանրապետության Հանրային հեռուստաընկերության հետ մի շարք ծրագրեր է իրականացնում, որից մեկը ակադեմիայի հիմնադրումն է Արցախում՝ Արցախի պետական համալսարանի և ԱՀ հանրային հեռուստաընկերության հետ մեկտեղ: Հունիսի 25-ից արդեն ընդունվում են հայտերը, որը կտևի մինչև հուլիսի 10-ը:

Դիմել կարող են 18 տարեկանը լրացած բոլոր անձինք, ովքեր հետաքրքրված են մեդիայով: Արցախում սովորեցնելու ենք խոսքի վարպետություն, խոսքի մշակում, մեդիագրագիտություն,ժամանակակից լրագրություն, մուլտիմեդիա, լրագրության տենդենցները ամբողջ աշխարհում,հաղորդավարական արվեստ, ուղիղ եթերի հմտություններ, հարցազրուցավարի հմտությունններ: Դասընթացին կարող են մասնակցել նաև Արցախում արդեն իսկ գործունեություն ծավալող լրագրողները:

Դասավանդելու են հանրայինի դեմքերը և հրավիրյալ մասնագետներ: Դասընթացը լինելու է բացառապես անվճար: Այնտեղ նույնպես անց ենք կացնելու քաստինգ ՝ մոտ 30 հոգանոց խումբ ձևավորելու համար: Դասընթացը կտևի յոթ ամիս»,- նշել է Լ. Մինասյանը: Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ դասընթացին մասնակցության ընթացքում լավագույնս իրենց դրսևորածները հնարավորություն կստանան հեռուստադիտողից դառնալու հեռուստադեմք: «Լավագույն դիմորդները կսովորեն մեր խմբում, ընթացքում կունենան հնարավորություն Երևանում՝ հանրային հեռուստաընկերությունում փորձուսուցում անցնելու: Այդ ամբողջ ծախսերը հոգալու է Հայաստանի հանրային հեռոստաընկերությունը»,- ընդգծել է ղեկավարը:

Լ. Մինասյանի խոսքով՝ այսօր Արցախն ավելի քան երբևէ աջակցության կարիք ունի, և նրանք փորձում են իրենց ներդրումն ունենալ Արցախի զարգացման գործում: «Ուզում ենք բոլոր ռեսուրսները ի սպաս դնել՝ Արցախին օգնելու համար»,- ընդգծել է նա:

  • Կիսվել: