չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Մարտունիում այս պահին ընթացող թիկունքային աշխատանքների մասին

Մարտունիում այս պահին ընթացող թիկունքային աշխատանքների մասին

Արցախի տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է «Ամարաս» թերթի հետ համատեղ պատրաստված հերթական նյութը, որը պատմում է Մարտունիում այս պահին ընթացող թիկունքային աշխատանքների մասին։

՛՛Իրավիճակը Մարտունիում

Այս օրերին հրետակոծության և հրթիռակոծության հետևանքով, բացի նրանից, որ մեծ քանակությամբ բնակարաններ, փողոցներ և ենթակառուցվածքներ են վնասվում և հիմնահատակ ավերվում, բավականին մեծ քանակությամբ զենք-զինամթերք չի պայթում, ինչը լուրջ վտանգ են հանդիսանում մեր քաղաքացիական բնակչության համար։ Այս և այլ հարցերի շուրջ զրույց ունեցանք ԱՀ ԱԻՊԾ Մարտունու շրջանային ԱԻ բաժնի ՀՓՄ պետ Վահրամ Սաղյանի հետ։

Զրուցակիցս նշեց, որ հրետակոծությունից և հրթիռակոծությունից անմիջապես հետո օպերատիվ ներկայանում են տուժած վայրեր և աշխատանքներ իրականացնում` ըստ անհրաժեշտության։ Միևնույն ժամանակ, նշված գործունեությանը զուգահեռ, ուսումնասիրում են հրթիռակոծված և հրետակոծված վայրերը, հայտնաբերում չպայթած զենք-զինամթերքը, որոնք հնարավոր է` տեղափոխում, կենտրոնացնում առավել անվտանգ վայրում` հետագայում պայթեցնելու համար, ինչպես նաև սահմանափակում են քաղաքացիների ելումուտը նշված տարածքներ։

Վ.Սաղյանը նշեց նաև, որ ծառայության աշխատակիցները ներգրավված են ապաստարաններում ապաստանած քաղաքացիների հետ աշխատանքներում, մշտապես պատրաստ են իրականացնել նշված և այլ բնույթի, այդ թվում` հրդեհաշիջման աշխատանքներ` անտեսելով պահի առաջացրած բոլոր վտանգները։

Աշխատում են ինչպես շրջկենտրոնի, այնպես էլ շրջանի գյուղերի տարածքներում, օրվա բոլոր պահերին։ Բաժնի ՀՓՄ պետն ասում է, որ շատ լավ գիտակցելով ստանձնած մասնագիտական և քաղաքացիական պարտականությունները, աշխատում են ուժերի գերլարումով ու պատրաստ են ամեն ինչ անել բնակչությանը հնարավորինս դժբախտ պատահարներից զերծ պահելու համար։

«Ամարաս» թերթի գլխավոր խմբագիր Կարինե Դադամյան՛՛:

 

  • Կիսվել: