երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
ՄԱԿ-ի տարբեր կառույցներ ընդգրկված են Արցախից տեղահանված հայությանն աջակցելու հարցում

ՄԱԿ-ի տարբեր կառույցներ ընդգրկված են Արցախից տեղահանված հայությանն աջակցելու հարցում

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը երեկ հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղահանվածների թիվը կարող է հասնել մինչև 120,000-ի

Դրա մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ ընդգծելով, որ ՄԱԿ-ի կառույցների հնչեցրած կանխատեսումները տեղահանվածների թվաքանակի մասին համընկնում են Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության գնահատականների հետ: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ի դրությամբ, ըստ ՀՀ կառավարության տրամադրած տվյալների, Լեռնային Ղարաբաղից տեղահանվել է ավելի քան 100 հազար անձ:

UNHCR-ի հայաստանյան ներկայացուցիչ Կավիտա Բելանին մամլո ասուլիսին հայտնել է, որ տեղահանվածներից շատերը հոգնած և վախեցած են, իսկ գրանցման կենտրոնների մոտ հավաքվում է հսկայական բազմություն:

«Մարդիկ հոգնած են: Նրանք նաև ապրել են ինն ամիս շրջափակման մեջ: Դա նման չէ ուղակի տեղափոխությանը: Նրանք արդեն ինը ամիս շրջափակման մեջ էին, իս ժամանելուց հետո, նրանք լի են անհանգստությամբ, վախեցած են և պատասխաններ են փնտրում, թե ինչ է լինելու հետո հարցին»,- հայտարարել է Կավիտա Բելանին։

Նա ընդգծել է, որ շատ դժվար է ասել, թե որքան մարդ դեռ կտեղահանվի, քանի որ ՄԱԿ-ի և մարդասիրական համայնքի ծրագրված թիվը կազմում էր 70,000-ից մինչև 90,000, սակայն այդ թվերը պետք է վերանայվեն, քանի որ Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերը շարունակում են ժամանել Հայաստան: «Ակնհայտ է, որ այս պահին մենք գործ ունենք 80 հազարից ավելիի հետ, ուստի, միանշանակ, այդ թիվը պետք է վերանայվի, բայց մենք պատրաստ ենք մինչև 120 հազարի ընդունմանը։ Շատ դժվար է կանխատեսել, թե այս պահին քանիսը կգան, իրավիճակը շատ արագ է զարգանում»:

Փախստականների գրեթե մեկ երրորդը երեխաներ են, ասում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարածաշրջանային տնօրեն Ռեգինա դե Դոմինիսիսը: «Մենք այդ թիվը լսել ենք ՄԱԿ Փախստականների հարցերով գործակալությունից, որոնցից մոտավորապես 30 տոկոսը երեխաներ են, և մեզ համար գլխավոր մտահոգությունն այն է, որ նրանցից շատերը բաժանվել են իրենց ընտանիքներից»:

Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչ Հիչամ Դիաբն էլ պնդում է, որ փախստականները հոգեբանական օգնության լուրջ կարիք են զգում: «Իրավիճակն այնպիսին է, որ ընտանիքներ են ժամանում երեխաների հետ, որոնք այնքան թույլ են, որ նույնիսկ ուշաթափվում են իրենց ծնողների ձեռքում»:

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի օպերատիվ հարցերով ղեկավար Կարլոս Մորաձանին, իր հերթին, հայտնել է, որ օրերս Լեռնային Ղարաբաղից դուրս է բերվել մոտ վառելիքի պահեստի պայթյունի և վերջին մարտերի զոհերի շուրջ 200 մարմին։ «Մեր աշխատանքի մեկ այլ կարևոր տարրն այս պահին կապված է զոհերին արժանապատիվ հողին հանձնելու գործընթացը ապահովելու հետ: Տեղական համապատասխան ենթակառուցվածքը կարողություն չուներ զոհված մարդկանց այնպիսի մեծ հոսք ընդունելու համար, որը մենք տեսանք վերջին օրերին։ Այսպիսով, հենց երեկ մենք տեղափոխեցինք մոտ 200 դի: Դա այն մարդիկ են, ովքեր մահացել են այս շաբաթ դժբախտ պատահարից կամ զոհվել՝ վերջին ռազմական գործողությւոնների ժամանակ»:

Մորաձանին նաև ընդգծել է, որ իրենց կառույցը կենտրոնացած է նաև այն մարդկանց օգնության վրա, ովքեր ճանապարհին մնացել են առանց առաջնային անհրաժեշտության պարագաների ու սնունդի: Այս տարհանումը տեղի է ունեցել չափազանց արագ. կարճ ժամանակում շատ մեծ թվով մարդ տեղահանվել է, որի հետևանքով շատ մարդիկ արգելափակվել են խցանումների մեջ, ասել է Մորաձանին։

  • Կիսվել: