կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Լիահույս եմ՝ հայրս շուտով կվերադառնա. Վագիֆ Խաչատրյանի դուստր

Լիահույս եմ՝ հայրս շուտով կվերադառնա. Վագիֆ Խաչատրյանի դուստր

Բաքվում 15 տարվա ազատազրկման դատապարտված արցախցի Վագիֆ Խաչատրյանի հետ ընտանիքը կապ է հաստատել դեկտեմբեր ամսին:  Խաչատրյանի դուստրը՝ Վերան, NEWS.am-ին պատմել է, որ հեռախոսով են հոր հետ զրուցել, ասել է, որ լավ է, դեղերն ընդունում է:

Վերան հույս է հայտնում, որ եթե արդարադատություն գոյություն ունի, իր հայրն ազատ կարձակվի:
 
«Իսկ Ադրբեջանի դեպքում չգիտեմ, չեմ կարող ասել, թե ինչպես կլինի: Բայց այն, որ լիահույս եմ՝ հայրս շուտով կվերադառնա, դա հաստատ»,-ասում է նա:
 
Վերան նշեց, որ իրենք որեւէ կապ չունեն հոր՝ ադրբեջանցի փաստաբանի հետ, միայն լրատվականներից են տեղեկանում դատական գործընթացի մասին:
 
Հիշեցնենք, որ ադրբեջանական վերաքննիչ դատարանում շարունակվում է առևանգված Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ ֆարսը։
 
Նշվում է, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից նշանակված Խաչատրյանի փաստաբանը «դատարանին խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին»։
 
Հաջորդ «դատավարությունը» նշանակված է հունվարի 15-ին։
 
Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները Բերձորի միջանցքում ապօրինի տեղակայված ադրբեջանական «անցակետից» առեւանգել են վիրահատության նպատակով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով Արցախից Հայաստան տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին։
 
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, թե «նրան մեղադրանք է առաջադրվել» դեռ 2013-ին, նրան կալանավորելու որոշում է կայացվել, եւ որ նույն թվականին «միջազգային հետախուզում է հայտարարվել»։ Ձերբակալված արցախցուն Բաքուն մեղադրում է «ցեղասպանության, ադրբեջանցիների տեղահանության մեջ»։ 

Խաչատրյանը հերքում է Բաքվի առաջադրած մեղադրանքները։

  • Կիսվել: