հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ԼՂՀ հռչակման հերթական տարեդարձը դիմավորում ենք աննախադեպ կորուստներով. Թագուհի Թովմասյան

ԼՂՀ հռչակման հերթական տարեդարձը դիմավորում ենք աննախադեպ կորուստներով. Թագուհի Թովմասյան

ԼՂՀ հռչակման հերթական տարեդարձը դիմավորում ենք աննախադեպ կորուստներով, վիրավորված, անհայտ կորած և գերեվարված հայրենակիցների աննախադեպ թվաքանակով, Ադրբեջանի կողմից մեր հայրենիքի զգալի հատվածի օկուպացմամբ։ Այս մասին գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը․

<<Սիրելի՛ հայրենակիցներ, Յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 2-ը մեզ համար եղել է ուրախության, հպարտության, հաղթանակի օր, որն իրական տոն ենք դարձրել, չէ՞ որ 1991 թվականի այս օրն էր, երբ ծանրագույն փորձությունների գնով հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

ԼՂՀ հռչակման հերթական տարեդարձը դիմավորում ենք աննախադեպ կորուստներով, վիրավորված, անհայտ կորած և գերեվարված հայրենակիցների աննախադեպ թվաքանակով, Ադրբեջանի կողմից մեր հայրենիքի զգալի հատվածի օկուպացմամբ: Բայց միաժամանակ՝ ապրելու, մեր ազգայինը պահելու ու ամրապնդելու, մեր հիմնարար իրավունքները իրացնելու, ազգային պետության մեծագույն ցանկությամբ և հավատով:

Այո՛, Ադրբեջանը 44-օրյա պատերազմում միջազգային հանրության և իրավապաշտպան կազմակերպությունների աչքի առաջ կարողացել է իրականացնել հանցագործություն մարդկության դեմ, կարողացել է խախտել միջազգային մի շարք նորմեր, միջազգային մարդասիրական իրավունքը, մարդկանց հիմնարար իրավունքները, ուժի գործադրումից կամ ուժի գործադրման սպառնալիքից զերծ մնալու, վեճերի խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքները և այսպես շարունակ: Բայց մենք պարտության այս հետևանքների հետ հարմարվող տեսակ չենք: Եվ չպետք է երբեք թուլացնենք մեր զգոնությունը ադրբեջանա-թուրքական կեղծ խաղաղասիրության թեզերով:

Պատերազմի արդյունքում, հիրավի, ստեղծվել է բարդ և խիստ ծանր իրավիճակ մեզ համար: Եվ կարծում եմ, որ ստեղծված իրավիճակում պետք է առաջ տանել մի քանի թեզեր, մասնավորապես՝

– 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը հրադադարի հայտարարություն է, և ոչ երբեք՝ հիմնախնդրի լուծում:

– Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափով պետք է շարունակի մնալ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական առաջնահերթությունը՝ Արցախի ժողովրդի առանց որեւէ սահմանափակման ինքնորոշման իրավունքի հիման վրա:

– Հայաստանի Հանրապետությունը պետք է պաշտպանի Արցախի Հանրապետության համար ընդունելի տարբերակով հիմնահարցի լուծումը, որը բացառում է Արցախի որեւէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում, երաշխավորելով Արցախի անվտանգության անհրաժեշտ մակարդակի ապահովումը, Արցախի հետ Հայաստանի հուսալի եւ անվտանգ ցամաքային կապը:

– Հայաստանը պետք է շարունակի մնալ Արցախի անվտանգության երաշխավորը՝ միաժամանակ կարեւորելով եւ գնահատելով Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության դերն ու նշանակությունը տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ապահովման գործում,

– Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի Հանրապետության իրականացրած ագրեսիվ պատերազմի արդյունքում Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջանների օկուպացիան որեւէ ազդեցություն չի կարող ունենալ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ապագա բանակցությունների ընթացքում Արցախի Հանրապետության վերջնական կարգավիճակի եւ սահմանների որոշման գործընթացի վրա,

– Ադրբեջանի Հանրապետության կողմից օկուպացված` Արցախի Հանրապետության շրջանների դեօկուպացիան Արցախի ժողովրդի անվտանգ գոյության ապահովման, Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման, Արցախյան հակամարտության խաղաղ եւ համապարփակ կարգավորման ուղղությամբ առաջնահերթ քայլերի իրականացման, հայկական պատմամշակութային եւ կրոնական ժառանգության պահպանման, բռնի տեղահանված անձանց՝ իրենց բնակավայրեր վերադարձի ապահովման հրամայական է>>։

  • Կիսվել: