կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԼՂ մշակութային ժառանգության հարցում Ադրբեջանն ավելի զգուշավոր է դարձել, հազիվ թե մոտ ապագայում ի տես աշխարհի՝ քարուքանդ անի. Պետրոսյան

ԼՂ մշակութային ժառանգության հարցում Ադրբեջանն ավելի զգուշավոր է դարձել, հազիվ թե մոտ ապագայում ի տես աշխարհի՝ քարուքանդ անի. Պետրոսյան

Արցախում մշակութային ժառանգության հարցում հիմա Ադրբեջանը վարում է շատ ավելի խորամանկ քաղաքականություն. Aysor.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Տիգրանակերտի պեղումներն իրականացրած արշավախմբի ղեկավար, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը։

«Ըստ էության,  հաշվի առնելով Արցախում մշակութային ժառանգության նկատմամբ միջազգային հետաքրքրվածությունը, ավելի զգուշավոր է և հազիվ թե մոտ ապագայում դնեն և ի տես աշխարհի քարուքանդ անեն։  Հստակ տեսնել և ասել, որ թշնամին բարբարոսաբար կործանում է՝ այդպես չէ։ Իրենք շատ զգույշավոր են դարձել», - ասաց Պետրոսյանը։

Համլետ Պետրոսյանն անդրադառնալով օրերս Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի՝ Երևանում արած հայտարարությանը, թե Ֆրանսիան ԼՂ-ում մշակութային ժառանգության արբանյակային լուսանկարների տվյալներով բազա է ձեռք բերել, և երևում է նմուշների աղավաղված վիճակը՝ նշեց, որ միջազգային ցանկացած մոնիտորինգ ողջունելի է։

«2020թ.-ի պատերազմից հետո Կոռնելի համալսարանի հատուկ խումբ է ստեղծվել  մշակութային ժառանգության հարցով, որով արբանյակային նկարներով հետևում են։ Այդ աշխատանքը շատ վաղուց արվում է, մոնիտորինգը ներկայացվում է նաև ադրբեջաներեն ու ռուսերեն մեդիահարթակներով, և  եթե Ֆրանսիան էլ նույն բանն է անում, միայն ողջունելի է։ Միջազգային հանրության ցանկացած ուշադրություն միանշանակ դրական է, միանշանակ օգտակար է, բայց մտածել, որ դա բերելու է ինչ-որ արդյունքների, նույնպես շատ դժվար է գուշակել», - ասաց նա։  

Նմուշների վիճակի հարցում Համլետ Պետրոսյանը հաստատեց՝ այո՛, իհարկե, վնասել են։ «Առաջին հերթին վնասել են հին գերեզմանոցները, ճանապարհներ են  կառուցել, որոշ  դեպքերում ոչ շատ հայտնի հուշարձաններ են ջնջվել, բոլոր նյութերը կան, բայց դա՝ մինչև այս տարվա սկիզբը։ Եթե կարելի էր նախկինում ավելի հաճախ տեսնել վանդալիզմի դեպքեր, որ զինվորականները խաչքար էին կոտրում, նկարում էին՝ գցում, հիմա, կարծես, հատուկ հետևում են, որ սոցիալական ցանցերում, նման տեսանյութեր քիչ հայտնվեն կամ չհայտնվեն», - ասաց նա։

Բացի այդ, նկատեց, որ Ադրբեջանը հենց սկզբից հայտարարել է՝ միանշանակ ոչնչացման ենթակա են «օկուպանտական հուշարձանները»։ «Կարծում եմ, որ դա շարունակելու է։ Այսինքն՝ այն ամենը, որոնք կառուցվել են անկախության տարիներին, որոնք նվիրված են ազատամարտիկներին, նշվում են հաղթանակները և այլն։ Հիմա այդ հարցն իրենց մոտ քննարկվում է, թե ինչը ինչպես  անել։ Պետք է մի քիչ լավ հասկանալ, թե Ադրբեջանն ինչ է անում, ինչպես է անում, որպեսզի մենք կարողանանք պատասխանել։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից Ֆրանսիայի նախարարի հայտարարությունների արձագանքին, թե մշակութային և պատմական հուշարձանների՝ վտանգի տակ լինելու պնդումները «անհիմն են»՝ Համլետ Պետրոսյանն ասաց, որ նման ձևով Ադրբեջանը միշտ է  արձագանքել։ «Ջուղայի հին գերեզմանոցը, երբ քանդում էր, ասեց՝ մենք հանդուրժողական  հասարակություն ենք, բազմամշակույթ, բազմադավանանք, դա նոր բան չէ, իրենք միշտ ասելու են, բայց կոնկրետ դեպքերի համար իրենք նախապատրաստելու են ինչ-որ սցենարներ»։

Խոսելով Ադրբեջանի կողմից հայկական մշակությաին ժառանգությունն այլ ծագմամբ ներկայացնելու փորձերից՝ Համլետ Պետրոսյանն ասաց. «Դարեր շարունակ Թուրքիայում նման պրակտիկան տարածված է եղել, և հայկական  բազմաթիվ եկեղեցիներ մզկիթի են վերածել, դա նույնպես փաստ է և դրա ականատեսն ենք նաև ԼՂ-ում։ Նույն Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին, նույնիսկ չգիտեմ՝ այն մզկի՞թ են դարձնում, թե՞ ուղղափառ եկեղեցի, որովեհտև դատելով  արտաքինից, կարող ենք նմանեցնել նաև  ուղղափառ եկեղեցու», - ասաց նա։

  • Կիսվել: