կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԼՂ-ից տեղահանվածները ՀՀ քաղաքացիություն ստանալու համար արտահերթ են սպասարկվում. ծառայության պետ

ԼՂ-ից տեղահանվածները ՀՀ քաղաքացիություն ստանալու համար արտահերթ են սպասարկվում. ծառայության պետ

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները ՀՀ քաղաքացիություն ստանալու համար արտահերթ են սպասարկվում անձնագրային բաժիններում։

Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը:

«Երևանի անձնագրային բաժիններում մենք ներդրել ենք էլեկտրոնային հերթագրման համակարգ, բայց ԼՂ–ից բռնի տեղահանվածներին սպասարկում են արտահերթ` էլեկտրոնային համակարգից դուրս»,–նշեց նա` ընդգծելով, որ տեղահանվածներին ՀՀ անձնագիր տրամադրելու գործընթացը լինելու է մաքսիմալ հեշտացված։

Ինչ վերաբերում է ԼՂ բնակիչների կապույտ անձնագրերին, ապա Ղազարյանը պարզաբանեց, որ դրանք տրամադրվել են որպես ճամփորդական փաստաթուղթ, ոչ թե որպես քաղաքացիության հավաստում: Այդ անձնագրերի տրամադրումը կշարունակվի, եթե մարդիկ ունեն ժամկետի խնդիր, վնասել են կամ կորցրել դրանք։

Ծառայության պետը նշեց`ՀՀ քաղաքացիություն ստանալը չի խանգարի, որ ԼՂ-ից բռնի տեղահանվածները միջազգային ատյաններ դիմեն ունեցվածքի փոխհատուցման և իրենց բնակության վայր վերադառնալու համար։

«Դրանք անձի հետ անխզելիորեն կապված իրավունքներ են և կապված չեն զուտ իրավական կարգավիճակի հետ, այլ անձի հետ տեղի ունեցած իրադարձությունների»,–ասաց նա։

Նա ասաց, որ այս պահին չի կարող ասել, թե քանի արցախցի է դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար. «Կոնկրետ թիվ չկա ձեռքիս տակ։ Երբ որ լինի, կասեմ»։ Նա նաև չկարողացավ  ասել, թե քանի արցախցի է լքել Հայաստանը։

Ա. Ղազարյանի խոսքով, ժամանակավոր պաշտպանության տակ վերցված և փախստական ճանաչված անձանց կարգավիճակի  տրամարդումը իրականացվում է  կոլեկտիվ կերպով, այս պարագայում կառավարության մեկ որոշմամբ. «Փախստականի կարգավիճակ, ըստ էության, կոլեկտիվ կերպով շնորհվել է ԼՂ ողջ բնակչությանը»։

  • Կիսվել: