հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
ԼՂ-ից տեղահանված անձինք կարող են մինչև 2 մլն դրամ աջակցություն ստանալ ձեռնարկատիրական գործունեություն սկսելու համար. դիմելու կարգը

ԼՂ-ից տեղահանված անձինք կարող են մինչև 2 մլն դրամ աջակցություն ստանալ ձեռնարկատիրական գործունեություն սկսելու համար. դիմելու կարգը

Ղարաբաղից տեղահանված անձինք ձեռնարկատիրական գործունեություն սկսելու նպատակով կարող են ստանալ պետական աջակցություն։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
 
Ղարաբաղից տեղահանված անձանց ինքնազբաղվածության խթանման ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է գրանցվել e-work.am հարթակում և նշում կատարել ծրագրում ընդգրկվելու ցանկության մասին։
 
Դիմումի ներկայացման գործընթաց
 
1. Քաղաքացին գրանցվում է e-work.am հարթակում՝ մուտքագրելով ԱԱՀ, ՀԾՀ, էլ․ փոստ և հեռախոսահամար։
 
2. Էլ․ փոստով ստանում է ակտիվացման հղում, անցնում է հղումով և սահմանում գաղտնաբառ։
 
3. Մուտք է գործում համակարգ և անցնում «Զբաղվածության ծրագրեր և դիմումներ» → «ԼՂ ինքնազբաղվածության ծրագիր» բաժին։
 
4. Ծանոթանում է ծրագրի մասնակցության պայմաններին և կատարում անհրաժեշտ նշումները՝
 
·         ՄՍԾ տարածքային կենտրոնի ընտրություն,
 
·         Ծրագրին մասնակցելու ցանկության նշում,
 
·         Տվյալների ստուգման համաձայնություն,
 
·         Տվյալների ոչ ճշգրիտ լինելու դեպքում իրավական հետևանքների մասին տեղեկացվածության նշում։
 
5. Հաստատում է դիմումը։
 
6. Համակարգը կատարում է ստուգումներ հարակից տեղեկատվական շտեմարանների հետ, որի արդյունքում՝
 
·         համապատասխանության դեպքում դիմումը հաստատվում է,
 
·         անհամապատասխանության դեպքում ցուցադրվում են դիմումի մերժման բոլոր հիմքերը։
 
Շահառու կարող են դառնալ այն անձինք, ովքեր՝
 
·         հանդիսանում են Ղարաբաղից տեղահանված անձանց բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրերի շահառու, հավաստագիր ստացած և իրացրած ընտանիքի անդամ,
 
·         չեն հանդիսանում վարձու աշխատող կամ քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայություններ մատուցող կամ աշխատանքներ կատարող անձ,
 
·         չեն հանդիսանում անհատ ձեռնարկատիրական կամ նոտարի գործունեություն իրականացնող անձ,
 
·         չեն հանդիսանում առկա ուսուցմամբ սովորող,
 
·         չեն հանդիսանում ժամկետային պարտադիր զինվորական ծառայող,
 
·         վերջին 3 ամիսների ընթացքում չեն հանդիսացել հարկ վճարող աշխատող։
 
Ծրագրի շրջանակում տրամադրվում է բիզնես ուսուցման աջակցություն, ուսուցման ավարտին մշակված և դրական եզրակացություն ստացած գործարար ծրագրերի իրականացման համար դրամաշնորհ, ինչպես նաև առնվազն 12 ամիս ժամետով բիզնեսի ուղեկցման աջակցություն։
 
Ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար դրամաշնորհը տրամադրվում է գործարար ծրագրով նախատեսված գումարի 70%-ի չափով, բայց ոչ ավելի, քան 2,000,000 դրամը։
 
Ձեռնարկատիրական գործունեության մեկնարկից հետո փոխանցվում է դրամաշնորհի գումարի 50%-ը, իսկ հիմնական միջոցների ձեռքբերման անհրաժեշտության դեպքում՝ մինչև 70%-ը։ Գումարի մնացած մասն փոխանցվում է շահառուին գործունեության իրականացման մեկ տարին լրանալուց հետո։ Ձեռնարկատիրական գործունեությունը 12 ամսից հետո ևս 6 ամիս գործելու դեպքում, եթե տարեկան շրջանառությունը կազմում է 3.000.000 դրամ, տրամադրվում է նաև հիմնական միջոցի ձեռքբերման ծախսի փոխհատուցում՝ մինչև 1.000.000 դրամի չափով։

  • Կիսվել: