կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաներից 3-ից 1-ին կրթությունը դեռ հասանելի չէ. ՅՈՒՆԻՍԵՖ

ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաներից 3-ից 1-ին կրթությունը դեռ հասանելի չէ. ՅՈՒՆԻՍԵՖ

Ռազմական գործողությունների սրացումից մեկ ամիս անց, իրենց բնակավայրը բռնի լքած և Հայաստանում ապաստանած 21 000 փախստական երեխաների երկու երրորդն ընդգրկվել է դպրոցական համակարգում: ՅՈՒՆԻՍԵՖ-ն այսօր նշել է, որ ջանքերն այժմ պետք է կենտրոնացնել դեռևս դպրոց չհաճախող երեխաների համար կրթությունը հասանելի դարձնելու վրա:

Հայաստանում ապաստանած երեխաները վերջին տարիներին որակյալ կրթություն ստանալու շարունակական հնարավորություն չեն ունեցել, ինչը էլ ավելի է կարևորում ներառական կրթական համակարգի ուղղությամբ աշխատանքները, որպեսզի բաց թողնված դասերը լրացնելու և անհատական կրթական կարիքները բավարարելու ուղղությամբ աջակցություն տրամադրվի:

 «Դպրոցներն ավելին են, քան պարզապես ուսումնառության վայր, հատկապես տեղահանության և անորոշության պայմաններում: Կրթությունը շարունակելու հնարավորություն ունենալը փախստական երեխաներին որոշակիության զգացում և աջակցություն է տրամադրում, ինչն անհրաժեշտ է, որպեսզի նրանք հաղթահարեն իրենց հետ տեղի ունեցածը: Դպրոցները երեխաներին տրամադրում են նաև սնուցման, հոգեկան առողջության ծառայություններ, սոցիալականացման հնարավորություններ ու շատ ավելին՝ նպաստելով նրանց առողջությանն ու բարեկեցությանը», - նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը:

 «Ներդրումների ընդլայնումը կարևոր  է դպրոց չհաճախող փախստական երեխաների կրթության հասանելիության ինչպես նաև բոլոր երեխաների համար դպրոցների ներառականության ապահովման համար

ՅՈՒՆԻՍԵՖ-ը աշխատում է ՀՀ կառավարության և այլ գործընկերների հետ՝ օժանդակելու փախստական երեխաներին ստանալ իրենց անհրաժեշտ խնամքն ու աջակցությունը: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը դիտարկում է ներկայիս կրթական կարիքներն ու բացերը, ներառյալ  այն  ոլորտները, որոնց ամրապնդման կամ ընդլայնման դեպքում կաջակցենք բոլոր փախստական երեխաների արդյունավետ ինտեգրմանը:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը մի շարք համայնքների տրամադրել է իր գլոբալ կրթական փաթեթներից, այդ թվում՝ «դպրոցը տուփի մեջ» և վաղ ուսումնառության համար նախատեսված հավաքածուներ: Բացի այդ, գործընկերների հետ արդեն բաշխել ենք թվով 1000 դպրոցական պայուսակներ՝ գրենական պարագաներով համալրված: Ի լրումն, ընթացքի մեջ է լրացուցիչ 2000 դպրոցական պայուսակների գնումների գործընթացը՝ լրացուցիչ կարիքներին արձագանքելու համար: ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաև պատրաստ է աջակցելու ուսումնական տարածքների ընդլայնմանը նոր աշակերտներ հյուրընկալող դպրոցներում և նախադպրոցական կենտրոններում:

Մինչ հիմա ՅՈՒՆԻՍԵՖ-ը հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության ծառայություններ, ինչպես նաև առողջապահական և սնուցման աջակցություն է տրամադրել մինչև 10,000 փախստական երեխաների և նրանց խնամակալներին: Գործընկերների հետ նաև տրամադրել ենք դեպքի վարման աջակցություն ավելի քան 1000 երեխաների և խնամակալների, իսկ ավելի քան 3000-ին՝ հոգեբանական առաջին օգնություն:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը 12.6 միլիոն ԱՄՆ դոլարի հանգանակության կոչ է արել՝ առաջիկա վեց ամիսների ընթացքում կենսական նշանակության ծառայությունների, այդ թվում՝ կրթության, առողջապահության, երեխայի պաշտպանության, սնուցման, ջրի, սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման համար:

  • Կիսվել: